Սփյուռքի նախարարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել Քեսապի հայերին օգնելու համար

Սփյուռքի նախարարությունը ուշադիր հետևում է Քեսապում տեղի ունեցող իրադարձություններին և պարբերաբար կապի մեջ է հայ համայնքի հետ. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը` պատասխանելով Քեսապի տեղահանված հայերին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցին:

«Քեսապի հայ բնակչությանը օգնելու նպատակով որոշակի քայլեր են ձեռնարկվել: Այժմ տեղի համայնքի հետ ճշգրտվում են մանրամասները»,- ասաց Բաղդասարյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ տեղահանված հայերը տեղափոխվեն Հայաստան, վարչության պետը պատասխանեց, որ «թեև իրավիճակը տագնապահարույց է, և քեսապցիները հայտնվել են շատ ծանր վիճակում, սակայն չեն կորցնում հույսը, որ դեռ կվերադառնան իրենց օջախները»:

«Ձեռնարկվող միջոցառումները ուղղված են հենց այդ նպատակին, այնպես որ զանգվածային ներգաղթի մասին դեռ վաղ է խոսել»,- ասաց Էվելինա Բաղդասարյանը` հավելելով, որ իրավիճակի ավելի վատթարացման պարագայում Հայաստանը «միանշանակ զորավիգ է կանգնելու աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցներին»:

Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակը հավելեց, որ իրականացվող միջոցառումների վերաբերյալ առաջիկայում կտեղեկացնեն:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Մեկնաբանել