Փողոցը սկսում է համախմբվել

Ապրիլի 28-ին ընդառաջ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը նախանշում են ճանապարհային քարտեզը: Այն բացահայտում է մեխանիզմները, որոնց միջոցով ոչ իշխանական ուժերը պատրաստվում են հասնել կառավարության հրաժարականին: Ոչ կոալիցիոն քաղաքական կուսակցությունների մոտ համոզվածություն կա, որ ապրիլի 28-ին, երբ կառավարության հրաժարականի պահանջը մտնի Ազգային ժողովի օրակարգ, մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն որևէ զիջման չի գնալու, օգտագործելու է «կոճակային մեծամասնության» ընձեռած հնարավորությունները և խորհրդարանում արգելափակելու է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։ Ուստի ոչ իշխանական ուժերը «կոճակային մեծամասնությանը» փորձում են հակակշռել հանրային համախմբման և զանգվածային գործողությունների միջոցով։ Հատկապես ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի գործողություններն ու հայտարարությունները հուշում են, որ նրանք ՀՀԿ-ի մեծամասնության դեմ դուրս են գալու «փողոցով»:

Մարտի 28-ին ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը հայտարեց, որ եթե իշխանությունն օգտագործի «կոճակային մեծամասնությունը», ապա փողոց դուրս կգան տասնյակ հազարավոր մարդիկ և կլինեն բարիկադներ ու ցնցումներ: Նույն օրը տեղի էր ունեցել ԲՀԿ-ի նախաձեռնած երիտասարդական միասնական օպերատիվ շտաբի առաջին նիստը, որի շրջանակում հասարակական որոշ կազմակերպություններ քննարկել էին կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ ռազմավարական և մարտավարական խնդիրներ: Առավել ուշագրավ է, որ նույն օրը Կոնգրեսի գրասենյակում տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների երիտասարդների հանդիպումը:

Այս երկու ուժերի երիտասարդական թևերի միջև հանդիպումը, ի թիվս այլ հարցերի, ենթադրվում է, որ միտված է հիմնականում գործող կառավարությանն ընդառաջ «փողոցի» կազմակերպմանը: Երիտասարդների հանդիպումը հուշում է այն մասին, որ ռազմավարական խնդիրներով այս քաղաքական ուժերի առաջնորդների մակարդակում որոշում կայացված է, մնացել է հստակեցնել մարտավարական խնդիրները:

«Փողոցի» կազմակերպման գործում երիտասարդների դերն անկյունաքարային է:

Կասկածից վեր է, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն քաղաքական կամքի և վճռականության պարագայում կարող են հրապարակ դուրս բերել այն կրիտիկական զանգվածը, որը բավարար կլինի փաթեթային կամ փուլային իշխանափոխության գործընթացը սկսելու համար:

Այս առումով հատկապես ԲՀԿ-ին անհրաժեշտ է գործնականում ապացուցել, որ իշխանափոխության պահանջով հրապարակ դուրս գալն այլևս այդ կուսակցության համար տաբու չէ: Այսօր արդեն ոչ իշխանական չորս ուժերը հայտարարեցին, որ ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավքներ են կազմակերպելու: Սա արդեն կարող է ընկալվել որպես հայկական «հրապարակի» նախերգանք:

Ոչ իշխանական քառյակի գործողություններն ակնհայտորեն անհանգստացրել են իշխանական շրջանակներին: Պատահական չէ, որ մամուլում սկսել են լուրեր հայտնվել, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հակահարված տալ մասնավորապես ԲՀԿ-ին: Մամուլում խոսվում է այն մասին, որ խորհրդարանի ԲՀԿ խմբակցությունը կարող են լքել և ՀՀԿ-ին միանալ որոշ գործարար պատգամավորներ: Բացի այդ, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը, որը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսինն է, կարող է հայտնվել իշխանությունների թիրախում: Նման հրապարակումները պատահական չեն և փոխանցում են իշխանությունների հնարավոր գործողությունների վերաբերյալ ուղերձներ:

Իշխանական բուրգի անկայունությունն ու իշխանությունների նկատմամբ հանրային խոր անվստահությունը հաշվի առնելով՝ հավանական է, որ իշխանությունների կանխարգելիչ քայլերը հակառակ ազդեցությունն ունենան՝ նպաստելով հանրային առավել համախմբմանը:

Մեկնաբանել