Ռուսաստանն էլ ավելի է թանկացնում Ուկրաինայի համար գազը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայի համար գազի արտահանման զրոյական մաքսատուրքի չեղյալ հայտարարման մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինա գազի մատակարարումների արտոնյալ մաքսատուրքերի կիրառման չեղյալ հայտարարման մասին կարգադրության ստորագրումը մեզ համար նշանակում է, որ ավտոմատ կերպով՝ Ուկրաինա գազի մատակարարման 2009թ․ գործող պայմանագրին խիստ համապատասխան, գազի գինը բարձրանում է, և ապրիլ ամսից այն կկազմի $485՝ 1000 խմ-ի դիմաց»,- ասել է ռուսական գազային հսկա «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը Մեդվեդևի հետ ապրիլի 3-ին կայացած հանդիպմանը։

Ռուսաստանի Դուման մարտի 31-ին, Ուկրաինայում ՌԴ Սևծովյան նավատորմի գտնվելու վերաբերյալ մյուս համաձայնագրերի հետ միասին, կասեցրել էր Ուկրաինայի տարածքում Սևծովյան նավատորմի գտնվելու վերաբերյալ Խարկովում 2010թ․ ապրիլի 21-ին ստորագրված համաձայնագրի գործողությունը․ համաձայն այս փաստաթղթի՝ Ուկրաինայում ՌԴ Սևծովյան նավատորմի ներկայությունը 2017թ․ հետո երկարացվել էր 25 տարով, փոխարենը Կիևը ստացել էր գազի գնի $100/1000 խմ-ի զեղչ, որը տրամադրվում էր Ռուսաստանի բյուջեի հաշվին։ Համաձայնագրերի գործողությունը ապրիլի 2-ին կասեցրել էր Դաշնության խորհուրդը։ Ուկրաինայում Սևծովյան նավատորմի գտնվելու վերաբերյալ համաձայնագրերի գործողությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած օրենքով կասեցվեց ապրիլի 2-ին։

2013թ․ ուկրաինական «Նաֆտոգազ» պետական նավթային ընկերությունը Ռուսաստանից ստացել է մոտ 13 մլրդ խմ գազ՝ միջինը $400՝ 1000 խմ-ի դիմաց։ Անցյալ տարվա դեկտեմբերին Ուկրաինան Ռուսաստանից ստացել էր զեղչ՝ 2014թ․ համար սահմանվել էր $268,5՝ 1000 խմ-ի դիմաց։ Այդ նույն ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 2013թ․ համար պարտքը՝ $2,634 մլրդ, Ուկրաինան պետք է մարի մինչև 2014թ․ հունվարի 25-ը։ «Նաֆտոգազը» փետրվարի 14-ի դրությամբ «Գազպրոմին» վճարել էր $1,28 մլրդ՝ անցյալ տարի մատակարարված գազի պարտքի դիմաց, և խնդրել էր հետաձգել պարտքի մնացած մասի մարումը մինչև ապրիլի 15-ը։

2014թ․ մարտի սկզբին «Գազպրոմը» հայտարարեց, որ կոնցեռնը ապրիլի 1-ից կդադարեցնի Ուկրաինային զեղչի տրամադրումը։ «Գազպրոմում» հայտարարեցին, որ որոշումը կապված է Ուկրաինայի՝ ռուսական գազային հսկայի առջև ունեցած պարտքի հետ․ այդ պահի դրությամբ Ուկրաինայի ընդհանուր պարտքը կազմում էր $1,5 մլրդ։

Ապրիլի 1-ին Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ այդ օրվանից սկսած՝ Ուկրաինայի համար գազի գինը բարձրացել է մինչև $385,5՝ 1000 խմ-ի դիմաց։

«Նաֆտոգազի» պարտքը «Գազպրոմին»՝ մարտի մատակարարումները ներառյալ, գնահատվում է ավելի քան $2,2 մլրդ, ապրիլի 3-ին նշել է Միլլերը։

Մեկնաբանել