Շուրջպար` կրթության և գիտության նախարարության դիմաց (լրացված)

Կրթության և գիտության նախարարության դիմաց ապրիլի 29-ին` ժամը 16:00-ից բողոքի ակցիա անցկացնող մանկավարժները և «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները շուրջպար էին բռնել` արտասանելով Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

«Մենք պայքարելու ենք, որպեսզի մեզանից ապօրինաբար գանձված գումարները հետ վերադարձվեն, պայքարելու ենք պարտադիրը հանելու համար: Այսուհետ հետևողական ենք լինելու իշխանության կատարած բոլոր քայլերին»,- հայտարարեց մանկավարժներից մեկը` հավելելով, որ պայքարը շարունակելու են «մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար» սկզբունքով:

Հավաքված մանկավարժներին մոտեցավ ԿԳՆ ներկայացուցիչը, որն առաջարկեց նրանց բարձրանալ և հանդիպել նախարար Արմեն Աշոտյանի հետ:

«Նախարարը պատրաստ է հանդիպել ձեզ հետ, բացի պարտադիրից այլ բազմաթիվ խնդիրներ էլ կան, որ Աշոտյանը կցանկանար ձեզ հետ քննարկել»,- ասաց ներկայացուցիչը:

Սակայն մանկավարժները հայտարարեցին, որ չեն բարձրանա` պահանջելով, որ նախարարն անձամբ իջնի:

Ակցիայի մասնակիցներին է մոտեցել ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, սակայն նրանք վանկարկում են «Հեռացեք», «Աշոտյան, իջիր», «Անջատեք Աշոտյանի ֆեյսբուքը»:

Ժամը 17:30 – Մանկավարժները ԿԳՆ ներկայացուցչի միջոցով իրենց պահանջագիրը փոխանցեցին Աշոտյանին, իսկ ԿԳՆ աշխատակիցը նշեց, որ ուսուցիչների հետ հանդիպելու նախարարի ցանկությունը մնում է ուժի մեջ: