Արևմտյան Եվրոպայից հնչած ձայնը. Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Արևմտյան Եվրոպայից հնչած ձայնը. «Թե´-թե´»-ն պետք է աշխատի»» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Պետական այցով Երևան ժամանած Ֆրանսիայի նախագահի հանդիպումներն ու հայտարարությունները ընդհանուր մի խոր պատկերի վրա դիտարկելով` կարելի է որոշ հետևություններ անել Արցախյան հարցի, Ցեղասպանության ժխտողականության քրեականացման ուղղությամբ Փարիզի դիրքորոշման, ընդհանրապես երկու երկրների միջպետական հարաբերությունների ներկա իրավիճակի և հայտարարված առաջադրանքի մասին։

Այս բոլորի մեջ պետք է առանձնացնել նախագահ Օլանդի հայտարարությունը` ԵՄ-ի հետ ՀՀ-ի ասոցացման անհրաժեշտությունը ընդգծող։ Մանավանդ ըմբռնելի նկատելով ՀՀ-ի` ՄՄ-ի անդամակցության որոշումը։

Նախ մեջբերենք Ֆրանսիայի նախագահի երեք առիթներով այս մասին կատարած հայտարարությունների ամփոփումը.

«Հայաստանի համար կարելի է գտնել խելամիտ մոդել Եվրամիության հետ ասոցացվելու համար: Հատուկ մոդել Հայաստանի համար: Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի: Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում,-Հնարավոր է համագործակցել Եվրամիության հետ՝ չհրաժարվելով Մաքսային միությունից: Մենք պետք է աշխատենք դրա շուրջ»:

Փորձենք մեկնաբանել. ՀՀ-ի համար կարելի է գտնել յուրահատուկ ձևաչափ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը կնքելու համար։ ՄՄ-ի անդամակցության որոշումը արգելք չէ, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ասոցացվի։ ԵՄ-ն ի´նքն է, որ խելամիտ և հատուկ մոդել պետք է գտնի իրականացնելու համար ՀՀ-ի` ԵՄ-ի հետ ասոցացումը։ Իսկ ա´յս առաջադրանքի համար «մենքը» կարող է նշանակել թե´ ՀՀ և թե´ ԵՄ, բայց այս դեպքում առավելաբար ԵՄ, քանի որ խելամիտ և հատուկ ձևաչափ գտնելու առաջարկը վերաբերում է Բրյուսելին։

Ուրեմն. ԵՄ-ն ղեկավարող հիմնական գերուժերից մեկի ներկայացուցիչը առաջադրում է ՀՀ-ի ասոցացումը ԵՄ-ին։ Եվ երբ հստակեցնում է նաև, որ ՄՄ-ին անդամակցելու ՀՀ-ի որոշումը խոչընդոտ չէ այս գործընթացի համար, խորքում ջրում է արևելյան գործընկերության ծրագրի պատասխանատուների ա´յն հայտարարությունները, որոնք ասոցացման պայմանագիրը ընկալում էին տնտեսական և քաղաքական պայմանավորվածությունները ճշտող իբրև մեկ համապարփակ փաստաթուղթ և որոնք ճշտում էին, որ ՄՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են և թե ՄՄ-ի ճանապարհն ընտրած ՀՀ-ն չի կարող միաժամանակ ասոցացվել ԵՄ-ի հետ։

Այսպիսով սակայն, հող է շահում Բրյուսելյան ճանապարհը Արևմտյան Եվրոպայից և ոչ թէ արևելյանից տեսնող քաղաքական վարկածը։ Փաստորեն ԵՄ-ի համեմատաբար ուշ անդամակցած Արևելյան Եվրոպայի երկրների շրջանակների մոտ առկա հակառուսական տրամադրությունները հանգեցրել էին արևելյան գործընկերության ծրագրի ղեկավարներին բացարձակացնելու ասոցացման պայմանները «կա´մ- կա´մ»-ի տեսությունը առաջ քաշելով։

Իրավացի էր ՀՀ-ի Եվրանեսթի այն ժամանակվա ղեկավար Վահան Հովհաննիսյանը, երբ շեշտում էր, որ ՀՀ-ի դեպի Եվրոպա համարկումը պետք է անցնի Արևմտյան Եվրոպայի երկրներից, ովքեր ճշտել ու ամրագրել են եվրոպական չափանիշերը և շարունակում են գծել Եվրոպայի աշխարհագրաքաղաքական սահմանները։

ԵՄ-ն ղեկավարող գլխավոր ուժերից մեկի ներկայացուցիչը պարտավորեցնում է Բրյուսելին, որ նոր, խելամիտ և հատուկ ձևաչափ ճշտի Հայաստանի համար, որպեսզի այն կարողանա ասոցացվել իր հետ։

Հետագա իրադրությունները իհարկե որոշիչ դեր են ունենում այս նոր ձևաչափի կայացման կամ չկայացման մեջ։ Այժմ պարզ է, որ Օլանդը առաջադրում է «թե´-թե´»-ի կամ «և´-և´»-ի աշխատելը։ Որի համար էլ ԵՄ-ին հանձնարարում է պատրաստել նոր, խելամիտ և հատուկ մոդել։

Մեկնաբանել