Ցեղասպանության թանգարանը համալրվել է 450 բնօրինակ լուսանկարով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել Հայոց ցեղասպանությանն ու դրա հետևանքներին առնչվող լուսանկարների բացառիկ և հարուստ հավաքածու:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության համաձայն` շուրջ 450 բնօրինակ լուսանկարների հավաքածուն Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին նվիրատվության կարգով հանձնել են հունահայ Խանիկյան ընտանիքի ժառանգները:

Լուսանկարների հավաքածուն ներառում է Օսմանյան կայսրության, Հունաստանի, Եգիպտոսի, Սիրիայի որբանոցներին, որբերի կյանքին, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի որբախնամ գործունեությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության պատմության առանձին դրվագներին առնչվող լուսանկարներ: Լուսանկարների զգալի մասի դարձերեսին առկա են չափազանց կարևոր տեղեկություններ հաղորդող գրություններ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին այս հավաքածուի ձեռքբերումը ոչ միայն խորհրդանշական, այլ նաև բացառիկ իրադարձություն է մեր թանգարանի համար, և այս լուսանկարներն իրենց ուրույն տեղը կգտնեն 2015թ. ապրիլին բացվող թանգարանային նոր ցուցադրությունում: Լուսանկարների մեջ իր կարևորությամբ առանձնանում է, իհարկե, երիտթուրք պարագլուխ Իսմայիլ Հաքքի բեյի` անգլիացի զինվորականների կողմից ձերբակալության լուսանկարի բնօրինակը»,- նշել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս եզակի հավաքածուն ձեռք բերելու համար իր երախտագիտությունն է հայտնում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին:

Մեկնաբանել