Մարզահամերգայինի պարտադիր վաճառքը կշարունակվի

Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովող ծառայության կողմից իրականացվող կատարողական գործողությունները (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից հոգուտ պետության բռնագանձել 10,2 մլրդ դրան) շարունակվում են օրենքով սահմանված կարգով` կատարողական թերթին համապատասխան: Այս մասին նշվում է ԴԱԿՀ ծառայության պարզաբանման մեջ, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը կասեցվել է:

«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.06.2014թ. որոշմամբ իրավաչափ է համարել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգումն առ այն, որ թիվ 01/02-2373/14 կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա չէ կասեցման, իսկ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը ներկայացված հիմքերով համարել է ոչ հիմնավոր»,- նշված է հաղորդագրությունում:

Ըստ ԴԱՀԿ-ի Վերաքննիչ դատարանի կողմից մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը կասեցնելու վերաբերյալ որոշում չի կայացվել:

Հունիսի 26-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանն ասաց, որ ԴԱՀԿ ծառայությունը «խորհրդի կարգով» դիմել էր դատարան` խնդրելով պարզաբանել, թե արդյոք բռնագանձման կատարողական թերթիկը ենթակա է կատարման` հաշվի առնելով այն, որ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկվում է Վերաքննիչ դատարանում: «Վերաքննիչ դատարանը բավարարել է կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տարված բողոքը»,- ասաց Արմինե Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ հունիսի 26-ին` ժամը 17:00-ին, ինքը դիմում է ներկայացրել ԴԱՀԿ` կասեցնել Մարզահամերգային համալիրի` հունիսի 17-ին հայտարարված էլեկտրոնային աճուրդը, ինչպես նաև անօրինական ճանաչել նախորդ երկու աճուրդները: Նրա խոսքով` դիմումին կցվել է նաև Վերաքննիչ դատարանի որոշման պատճենը:

Հուլիսի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն 15,67 մլրդ դրամով երրորդ անգամ հանվել էր աճուրդի։ Հունիսի 27-ին ավարտվել է աճուրդի ժամկետը, սակայն գնորդ այդպես էլ չի եղել։ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո երրորդ աշխատանքային օր գույքը դրվում է աճուրդի` նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով։

Համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանը, մեկնաբանելով ԴԱՀԿ պարզաբանումը՝ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ այն ամբողջությամբ չի արտացոլում վերաքննիչ դատարանի հունիսի 26-ի որոշումը, ըստ որի՝ բեկանվել էր առաջին ատյանի դատարանի որոշումը: Նրա խոսքով՝ ԴԱՀԿ-ն անդրադարձել է ընդամենը մեկ կետի, այլ ոչ թե ամբողջ որոշմանը:

Մեկնաբանել