Համաշխարհային առաջնորդների արձագանքը Boeing-ի կործանմանը

Աշխարհի տարբեր երկրների քաղաքական գործիչներ հայտարարություններ են արել Malaysia Airlines ընկերության օդանավի կործանման հետ կապված: Համաշխարհային առաջնորդները պահանջում են միջադեպի ամբողջական և անկախ միջազգային հետաքննություն:

Այսպես, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է. «Այսօր ամբողջ աշխարհը տեսավ ագրեսորի իրական դեմքը: Ուղևորատար ինքնաթիռին հարվածելը միջազգային ահաբեկչություն է՝ ուղղված ամբողջ աշխարհի դեմ: Սա ահազանգ է ամբողջ աշխարհին, և մենք միջազգային հանրությունից բավարար պատասխան ենք ակնկալում»:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն իր հերթին խնդրել է վթարի հետ կապված բոլոր երկրների կառավարություններին մասնակցել հետքննությանը և աջակցել Ուկրաինայի կառավարությանը՝ «միջազգային հանցագործություն իրականացրած այլասերվածներին» դատարանի առաջ կանգնեցնելու ձգտման մեջ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ ողբերգությունը չէր լինի, եթե Ուկրաինայում խաղաղություն լիներ և մարտական գործողությունները չվերսկսվեին: «Երկիրը, որի տարածքում տեղի է ունեցել վթարը, պատասխանատվություն է կրում այդ սարսափելի ողբերգության համար»,- ընդգծել է Պուտինը:

«ԱՄՆ-ն կառաջարկի ցանկացած օգնություն, որը կպահանջվի՝ պարզելու ինչ է իրականում տեղի ունեցել և ինչու: Ամերիկան աղոթում է զոհերի հոգու հանգստության համար»,- հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Վերջինս նաև կոչ է արել Ուկրաինայում հրադադար հաստատել՝ մալայզիական Boeing-ի կործանման դեպքն ուսումնասիրելու համար:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռուստատեսային հարցազրույցում նշել է. «Առաջին հերթին ես կհարցնեի՝ ով կարող էր հարվածել այդ ինքնաթիռին: Ո՞վ ուներ այդպիսի զինատեսակ. ակնհայտ է, որ դա հակաօդային պաշտպանության հրթիռ էր: Ո՞վ էր տիրապետում այն կիրառելու հմտություններին: Ուկրաինայի իշխանություններն անմիջապես մեղադրեցին ահաբելիչներին: Այդպես են նրանք անվանում ռուսամետ ապստամբներին: Ամեն ինչից դատելով՝ մտավախություններն աճում են, որ վթարն իսկապես անջատողականների ձեռքի գործն է: Դա ապացուցելու համար անհրաժեշտ է քրեագիտական փորձաքննություն: Եթե ասվածն ապացուցվի, ուրեմն զենքը մատակարարվել է Ռուսաստանի կողմից»: Քլինթոնը նաև կոչ է արել Եվրոպային համապատասխան արձագանք տալու տեղի ունեցածին, քանի որ կործանված Boeing-ի զոհերը հիմնականում Եվրամիության քաղաքացիներ են եղել:

Մալայզիայի վարչապետ Նաջիպ Թուն Ռազակը հայտարարել է, թե իրենք չեն կարող հաստատ նշել՝ որն է եղել վթարի իրական պատճառը, սակայն եթե պարզվի, որ օդանավին իսկապես հարվածել են, Մալայզիան ամեն ինչ կանի՝ մեղավորներին արդարադատության ձեռքը հանձնելու համար:

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը խորապես բավարարված չէ Ռուսաստանի կողմից վթարի հարցում Ուկրաինայի հասցեին հնչեցված մեղադրանքներով: «Մենք բոլորս գիտենք Ուկրաինայի խնդիրների մասին, և ով է ամենից շատ մեղավոր դրանցում»,-ասել է Էբոթը՝ հավելելով, որ Ռուսաստանը կարող է հայտարարել, թե ոչ մի կապ չունի կատարվածի հետ, քանի որ դեպքը տեղի է ունեցել Ուկրաինայի օդային տարածքում, սակայն չի կարելի թույլ տալ, որպեսզի Ռուսաստանը դուրս մնա հետաքննությունից, քանզի օդանավը կործանվել է մի վայրում, որը վերահսկում են Ռուսաստանի կողմից աջակցություն ունեցող ապստամբները:

Հուլիսի 17-ին Ուկրաինայում` Ռուսաստանի սահմանից 60 կմ հեռավորության վրա կործանվել է Boeing 777 քաղաքացիական օդանավը: Զոհվել են ինքնաթիռի բոլոր 283 ուղևորներն ու անձնակազմի 15 անդամները: Զոհված ուղևորների մեջ ՀՀ քաղաքացիներ չեն եղել:

Վթարը տեղի է ունեցել Դոնեցկի շրջանում, որտեղ շարունակվում են բախումները ուկրաինացի զինվորականների և անջատողականների միջև:

Մեկնաբանել