ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է ադրբեջանականին

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի կտրուկ լարման վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև`

«Վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարվել է: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվում են խոշոր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ և զինամթերք` նռնականետեր, ականանետեր, զենիթային հրանոթներ և ջերմաճնշումային արկեր: Հաճախակիացել է նաև սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը: Օրըստօրե ավելանում են երկու կողմերի կորուստները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարոււմ է, որ Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և հղի է ծավալուն ռազմական գործողությունների վերաճելու իրական վտանգով:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում Հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները»:

Մեկնաբանել