Մինսկի խումբը քիչ ջանք չի գործադրում. Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խումբը քիչ ջանքեր չի գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերն ընդունեն կարգավորման քաղաքական սկզբունքների շարադրմամբ փաստաթուղթ: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում:

«Իհարկե, մտահոգում է այն, ինչ տեղի է ունենում այսպես կոչված շփման գծում: Կողմերը միմյանց մեղադրում են սադրիչ գործողությունների մեջ: Այսպես նախկինում էլ է եղել, և ցավոք, արդեն երկար տարիներ մենք ականատես ենք նմանատիպ պարբերական պոռթկումների, սակայն այս անգամ ինչ-որ առանձնահատուկ սրությամբ է սա ընկլավում և մատուցվում: Քիչ մարդիկ չեն զոհվել, և մենք մյուս երկրների հետ միասին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, համառորեն կոչ ենք արել կողմերին առավելագույն զսպվածություն դրսևորել և թույլ չտալ որևէ գործողություն, որ կարող է հանգեցնել բռնության հերթական դրսևորմանը:

Այս շաբաթվա վերջին Սոչիում նախատեսված են մեր նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի, այնուհետ Ադրբեջանի նախագահների հետ, և երբ նրանք բոլորը միաժամանակ մեկ տեղում կլինեն, հավանաբար առանց Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցության չի կարող լինել: Ինչպես դա կկազմակերպվի, կախված է հենց մեզնից»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին խոսքը գնալու է՝ ինչպես աջակցել կողմերի միջև վստահության ամրապնդմանը և առճակատման ռիսկերի նվազեցմանը:

«Հակամարտությունն ավելի ու ավելի հուզական է ընկալվում երկու կողմերում: Մենք՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, քիչ ջանքեր չենք գործադրում ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերների հետ՝ աջակցելու լուծել այն մի քանի հարցերը, որոնք դեռևս խոչընդոտում են փաստաթղթի ստորագրմանը՝ կարգավորման քաղաքական սկզբունքների շարադրմամբ, հասցնելու այդ մի քանի հարցերը անհրաժեշտ որակի, ինչպես ասում են, որպեսզի կողմերը կարողանան ձևակերպել իրենց համար ընդունելի փաթեթը»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ կանխատեսումներ չի անելու: Նա նաև ուշադրությունը հրավիրել է հայերին և ադրբեջանցիներին «երկուստեք ընդունելի ձևակերպումները» գտնելու հարցում կայուն և վճռական աջակցության ցուցաբերման անհրաժեշտության վրա:

Լավրովը նշել է, որ որոշ ժամանակ առաջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև «համաձայնեցվել է բավական համեստ հայտարարություն՝ փոխհամաձայնությամբ, որ անհրաժեշտ է առաջ տանել վստահության միջոցառումները»: «Եթե տեղի են ունենում որոշակի կրակոցներ, այդ պահին էր պետք փոխանակվել մահացածների դիակներով, գերիներով, և սկզբունքորեն համաձայնեցնել լրացուցիչ քայլերը, որոնք կարող էին հանդարտեցնել իրավիճակը շփման գծում»,- նշել է Լավրովը:

Վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է։ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել է: Սաստկացել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը ադրբեջանական կողմից:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավոր:

Մեկնաբանել