Կարմիր խաչը, ՊՆ-ն և առողջապահության նախարարությունը կհամգործակցեն անհայտ կործաների հարցով

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի և Հայաստանում Կամիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Սառա Էպրեխտի հետ, հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարության, առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի և ԿԽՄԿ-ի գրասենյակի միջև ստորագրվել է «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ» արձանագրությունը:
Անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներից վերցված կենսաբանական նմուշները կհեշտացնեն անհայտ կորած անձանց որոնումներն ու հայտնաբերումը, կմեծացնեն զոհվածների արտաշիրիմումն իրականացնելու ընթացքում աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը:
Բոլոր կենսաբանական նմուշները կպահպանվեն առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում` դրանք հարկ եղած պարագայում համապատասխան փորձաքննություն անցկացնելու նպատակով:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ավելի ընդարձակել համագործակցությունը վերոնշյալ բնագավառում:

Մեկնաբանել