Կա՛մ ահաբեկիչ Գյուլենը, կա՛մ ժողովրդավարական Թուրքիան. Էրդողանի վերջնագիրը ԱՄՆ-ին

Erdogan Gulen2Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 10-ին ԱՄՆ-ից կտրուկ պահանջել է արտահանձնել Փենսիլվանիայում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին պաշտոնական Թուրքիան մեղադրում է հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մեջ:

«Վաղ թե ուշ ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ Թուրքիան, կամ FETO-ն [Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Գյուլենի հիմնած «Հիզմեթ» շարժումն անվանում է FETO` «Գյուլենական ահաբեկչական կազմակերպություն» – ՍիվիլՆեթ]: Կա՛մ հեղաշրջում կազմակերպող FETO-ն, կա՛մ ժողովրդավարական Թուրքիան: Նա պետք է անի իր ընտրությունը»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն այս հայտարարությունը արել է Անկարայում՝ նախագահական պալատի դիմաց, հանուն ժողովրդավարության անցկացված վերջին հավաքի ժամանակ. այդպիսի հավաքներ Թուրքիայում կազմակերպվել են հուլիսի 15-ից ի վեր ամեն օր, և, ըստ Anadolu գործակալության, գրավել են հարյուր հազարավոր մարդկանց:

Էրդողանը հավաքվածներին կոչ է արել զգոն լինել, քանի որ «դավադրությունը կարող է գալ ցանկացած կողմից և ցանկացած մեկից»:

«Ցանկանում ենք այստեղ ավարտել [Անկարայում]: Սակայն ես տեսնում եմ, որ մեր մարդիկ չեն ցանկանում հեռանալ հրապարակներից»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը՝ երկրի քաղաքացիներին հորդորելով «ժողովրդավարությունը, ազատությունը, պետությունն ու ապագան պաշտպանել 24 ժամ, տարին 365 օր»:

Էրդողանը հերթական անգամ ընդգծել է, որ տարբերություն չի տեսնում այնպիսի «ահաբեկչական կազմակերպությունների» միջև, ինչպիսիք են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն, Իսլամական պետությունը՝ ԴԱԵՇ-ը կամ Գյուլենական շարժումը:

***

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որի արդյունքում զոհվել է 240 մարդ, վիրավորվել է 2200-ը: Թուրքիայի կառավարությունը տեղի ունեցածում մեղադրում է 1999-ից ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամական քարոզիչ, Էրդողանի հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:

Հուլիսի 15-ից հետո Էրդողանն ուժեաղցրել է վերահսկողությունը բանակի նկատմամբ, երկրում անցկացրել աննախադեպ մարդորս՝ բոլոր ոլորտներից մաքրելով Գյուլենի գաղափարակիցներին և նրանց անվանելով դավաճաններ:

Ինքը՝ Ֆեթուլլահ Գյուլենը հերքում է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին և CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ այն ավելի շատ նման է հոլիվուդյան ֆիլմի:

Մեկնաբանել