Քաղաքացիականության վերջը

ՊՊԾ գնդի բանկոմատից հափշտակվել է 14 միլիոն դրամ: ՀՔԾ-ն է հայտարարել: Իբր «Սասնա ծռերը» սովորական գողեր էին: Գուցե ես լավ չեմ տեսել տղաների հանձնվելու տեսանյութը, սակայն ինձ ո՞վ կասի, երբ նրանք շապիկները բարձրացնում էին, մոտները փող կա՞ր, ասենք, մահապարտի գոտու նման կապած:

Պարզ չէ՞՝ որտեղ հափշտակիչը, այնտեղ ահաբեկիչը: Երեք զոհ էլ է եղել չէ՞: Այս մեկը ոչ ոք չի հերքի: Հերքել պետք էլ չէ, փոխհրաձգությունը մեղր ու կարագով չի լինում: Փոխհրաձգությունից չեն կարող ստանալ այն, ինչ ուզում են ստանալ 14 միլիոն դրամի հափշտակությունից: «Հաց հասցնող» Արթուր Սարգսյանը պետք է մեղքի զգացում ունենա, թե էդ ու՞մ է ինքը հաց հասցրել՝ սովորական գողերի: Աջ ու ձախ հեռուստատեսությամբ ասում են, որ Հայաստանում ատելության դոզան մեծ է, արդեն իրենք՝ իշխանություններն էլ չեն հերքում, բայց գոնե կարո՞ղ են էդ դոզան ուղղորդել «Սասնա ծռերի» կողմը: Հընթացս էլ կհավատանք, որ Յուրա Տեփանոսյանին նշանառուի հրացանով սպանածն էլ են էս սովորական գողերը եղել: Հա, իրենք են: Հափշտակողն էլ են իրենք: Բայց ասեք, խնդրում եմ, հանձնվելիս նրանց մոտ փոխան շապիկից բացի այլ բան կա՞ր: Այդ տղաներն իմ համար հերոսներ չեն: Արանքում արդեն երեք անմեղ զոհ կա: Զոհ էլ չլիներ, հերոսներ չէին: Բայց նրանք, ի սեր Աստծո, ինստիտուցիոնալ ճշգրտությամբ կառավարում ունեցող պետության ՊՊԾ գնդի վրա չեն հարձակվել: Նրանք ահաբեկչական կառավարմանը հակադարձել են, համենայնդեպս, ավելի տարերային արարքով: Համաձայն ենք նրանց հետ, թե՝ ոչ, մենք գիտենք, որ նրանք գողեր չէին: Ավելին, էդ գողը դուք եք: Ու շատ պարզ է, թե ինչպես եք արել էդ գողությունը: Դեռ անպատասխան եմ թողնում հարցը, թե ՊՊԾ գնդի բանկոմատում 14 միլիոն դրամն ինչ է անում եւ էդ ի՞նչ բանկոմատ է, որ նման գումարներ է կարողանում կրել իր մեջ: Դուք 14 միլիոնի «հափշտակությամբ» խաղարկել եք նույն հանցագործությունը, ինչ Յուրա Տեփանոսյանի սպանությունն է: Դուք հանցագործություններ եք մտածում, որպեսզի առանց ատելության մթնոլորտը մի գրամ վերացնելու այն ուղղորդեք դեպի այդ տղաները: Ուղղորդելուց հետո էլ ժողովրդի մոտ մնա մեղքի զգացումը, որ 14 օր երկրպագել է մարդասպանների եւ գողերի:

Ասում եմ ձեզ՝ եթե արանքում զոհ չլիներ, դուք կվերացնեիք այդ տղաներին: Կվերացնեիք, որովհետեւ սպանված ունենալու ձեր հույսը չաշխատեց: Իսկ հիմա, երբ անմեղ զոհեր կան, դուք լավայի ծանրությամբ մեթոդաբանորեն այդ տղաներից փորձելու եք ստանալ մանր ավազակներ եւ խաբեբաներ: Դեռ մարդասպանության մեղադրանքի վրա աշխատելու ժամանակ կունենաք, որովհետեւ զոհերը հո նաղդ են: Դուք իսկապե՞ս լավ չեք: Էդ մարդիկ մեռնելու էին գնացել, փողն ինչու՞ էին հափշտակում՝ գնդի տարածքում բիզնե՞ս էին դնելու, թե Գաբրիել հրեշտակապետին պիտի կաշառեին: Դուք ոչ մի հետեւություն չեք արել տեղի ունեցածից: Եվ մտադիր էլ չեք անել: Եվ այն պահից, երբ մահացավ երրորդ ոստիկանը, ձեր երեւակայությունն ընդհանրապես ազատվեց ցանկացած հիմարություն հորինելու, միայն թե ամբողջ ժողովուրդն իրեն մեղավոր զգա 14 օր «ահաբեկիչներին» եւ «գողերին» համակրելու համար: Էլ չեմ ասում, որ, եթե շատ խորանանք, երեք զոհերի մեղքն էլ ձեր վրա կընկնի այն իմաստով, որ 30-ի մեջ կլինեին մեկ-երկուսը, որոնց դուք հրահանգած կլինեք ՊՊԾ գնդի գրավումն «ապահովել» զոհերով: Ո՞վ ասա, որ հանցագործությունների ամբողջ «գունապնակին» տիրապետող իշխանությունը պետք է ինքնագործունեություն թույլ տար «Ծռերին», որոնք չեն էլ հերքում, որ առաջին ոստիկանի մահն իրենց խղճին է:

Ճշմարտությունն այն է, որ դուք՝ իշխանություններդ, ամեն ինչ անում եք, որպեսզի հայաստանցին հաշտվի իր դատապարտվածության հետ: Հաջորդ փուլն էլ գուցե այն է, որ մի քանի ահաբեկչություն կհորինեք, որպեսզի հայաստանցին զոհերի դեմքով սիրի այդ դատապարտվածությունը: Ճշմարտությունն այն է, որ դուք՝ իշխանություններդ, այլեւս չեք էլ փորձի վերացնել ատելության չնորմավորվող մթնոլորտը Հայաստանում: Դուք այն խնամում եք Հովիկ Աբրահամյանի արարատյան այգիների եւ Գագիկ Ծառուկյանի մոր մեղուների նման, որպեսզի հանկարծ չլինի մեկը, որ ձեզ չատի: Չէ՞ որ ատելությունը, հատկապես աղքատությամբ եւ անզորությամբ թելադրված ատելությունը մարդուն դարձնում է պակաս բանական: Արդեն իսկ պակաս բանական է այն, որ կա ատելություն: Դուք ընդհանրապես գնում եք դեպքի քաղաքացիականության վերջը: Եվ որպեսզի բանականության բացակայությունը կարողանաք կառավարել, հանցագործությունների հղացումն ու իրականացումն էլ եք վերցնում ձեր վրա: Որպեսզի ժողովուրդը տեսնի, որ այդտեղ էլ ինքը իշխանություն եւ ազդեցություն չունի: Որպեսզի ընդվզման փոխարեն միակ ուղին իր համար լինի ձեր նման հանցագործ լինելը: Հենց այսպիսի մի միջավայր դուք արդեն ստացել եք Լեռնային Ղարաբաղից: Բակո Սահակյանն, ի տարբերություն մեր երկրի ղեկավարի, ընդհանրապես ընդդիմություն չունի հավերժ նախագահ լինելու ուղին հարթելու ճանապարհին: Դուք խնամում եք ամեն ինչ՝ պատերազմը, հեռուստատեսությունը, խոսքը, հեղինակությունը, ամեն ինչ, որտեղ մարդը կարող է ձեզանից անկախ լինել: Միակ բանը, որ թողել եք քաղաքացուն, հանցագործ լինելն է, այն էլ այն բանի համար, որպեսզի ոչ ոք, աշխարհում ոչ ոք նրան չընկալի: Դուք ուղղակի հակացուցված եք Հայաստանի Հանրապետությանը:

Մեկնաբանել