«Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրում «տարրալուծելու» նախաձեռնության իրավաչափությունը

Օրինական և իրավաչա՞փ է արդյոք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան «հայրենագիտություն» հանրակրթական բնագավառում տարրալուծելու ԿԳՄՍ նախարարության առաջարկությունը: Վերջին շաբաթներին ԿԳՄՍ նախարարության այս առաջարկությունը Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց: Բազմաթիվ քաղաքացիներ ու հասարակական-քաղաքական գործիչներ քննադատեցին այս նախաձեռնությունը, սակայն մի դիտանկյուն կարծես թե բաց մնաց քննարկումներում, և դա իրավունքի տեսանկյունից հիմնավորվածության հարցն է:

Ինչ ունենք և ինչն է առաջարկվում փոխել

Կառավարության 2010 թվականի ապրլի 8-ի N 439-Ն որոշմամբ հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որում տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ընդհանուր պետական ծրագրում հստակ նախատեսված է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան` որպես ինքնուրույն առարկա: Այժմ, ԿԳՄՍ նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել հանրակրթության պետական նոր չափորոշչի առաջարկություն, որով առաջարկվում է առարկան տարրալուծել հայրենագիտության «բովանդակության տիրույթ»: Ըստ նախագծի, սա մի տիրութ է, որն «ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում» և վերջում` «քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում»: Տարակուսանք է առաջացնում հատկապես այս վերջին բառերի տեղադրումը հենց հայրենագիտության տիրույթում ու հենց հայոց եկեղեցու մասին ուսումնառության պահաջից հետո: Միգուցե պատահականությա՞ն արդյունք է: Միգուցե:

Իրավապայմանագրային դաշտը

Քանզի հարցի իրավաչափությունն ենք քննարկում, սկսենք Սահմանադրությունից:

Սահմանադրության «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին» վերնագրված 18-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Նույն հուդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»։ Այս մասին անդրադարձ կկատարվի ավելի ուշ` ստորև:

Թեև մենք քննարկումն սկսեցինք Սահմանադրությունից, պետք է սակայն անդրադառնալ մյուս իրավավաբական փաստաթղթերին, որոնք Հայաստանում գործել ու գործում են մինչև սահմանադրական այս նորմի գործողությունը:

Հայաստանի անկախացումից հետո առաջին օրենքներից մեկը եղել է Գերագույն խորհրդի կողմից 1991 թվականին ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որի 17-րդ հոդվածը ի թիվս այլոց, Հայ եկեղեցու մենաշնորհներին է դասել նաև «հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում» նպաստելը: Դրանից հետո, 2007 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, որի 8-րդ հոդվածը կարգավորում է Հայ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում, ի թիվս այլոց սահմանելով, որ Եկեղեցին իրավունք ունի «մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները»:

2002 թվականի օգոստոսի 22-ին Հայաստանի կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքվել է համաձայնագիր, որով կողմերը «կարևորելով Հայոց պետականության զարգացման և ամրապնդման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն ու նշանակությունը, նաև նկատի ունենալով հայ ժողովրդի հոգևոր, կրթամշակութային կյանքում և ազգապահպանման գործում նրա ունեցած բացառիկ նշանակությունը և նպատակ ունենալով հանրակրթական հիմնական և ավագ դպրոցների դասարաններում իրականացնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմության դասավանդումը» որոշել են 2002թ. սեպտեմբերից մինչև 2004թ. սեպտեմբերի 1-ը, աստիճանաբար, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմության առարկան մտցնել հանրակրթական հիմնական և ավագ դպրոցների դասարանների ուսումնական պլան:

Գանք կրթության բնագավառի օրենսդրության: 1999 թվականին ընդունված «Կրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածով կանխորոշվում է կրթության բնագավառում պետական քաղաքականությունը: Այդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին»: Այսպիսով Հայ Եկեղեցին մասնակից է հանդիսանում երկրի կրթական պետական քաղաքականության իրականացմանը և սա տրամաբանական է, քանզի Հայ Եկեղեցին դարեր ի վեր հանդիսացել է հայկական, ազգային կրթության օրրանը:

Հարցադրումներ

Այժմ մենք պետք է բարձրացնենք երկու հարց:

Հարց առաջին. Իրավունք ունի՞ հայոց կառավարությունը որոշել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի, որպես դպրոցական ծրագրի ինքնուրույն բաղկացուցիչ լինելու հարցը: Պատասխանը աներկբա բացասական է, քանզի այս առարկան ինչպես տեսնում ենք վերևում բերված օրենսդրության ներկայացումից` օրենքով ամրագրված առարկա է: Այսպիսով, կառավարության կողմից առարկայի որևէ տեսակի տարրալուծում այլ առարկաների մեջ ապօրինի է:

Հարց երկրորդ. իրավունք ունի՞ հայոց խորհրդարանը փոխել օրենքն ու ինքնուրույնաբար առարկան հանել կրթական ծրագրից: Այստեղ պատասխանը թվում է թե դրական է, քանզի Ազգային ժողովը հիրավի կարող է փոխել նախկինում ընդունված որևէ օրենք, բայց պետք չէ շտապել եզրահանգումներ անելիս:

Ազգային ժողովն իրավասու չէ միակողմանի, ինքնուրույնաբար առարկան հանել դպրոցական ծրագրից, քանզի առարկան հանրակրթությունում ներառվել է որպես պետության և եկեղեցու սահմանադրական և օրենսդրական հարաբերությունների արգասիք, իսկ ինչպես գիտենք` յուրաքանչյուր հարաբերություն երկկողմանի է: Ավելին, Հայ Եկեղեցու օրենսդրական մենաշնորհ հանդիսացող առարկան հանդիսանում է այդ երկկողմ հարաբերության որպես մի մասնիկ, ինչն էլ պաշտպանված է Եկեղեցու ու պետության միջև կնքված երկկողմանի կնքված համաձայնագրով: Առանց Հայ եկեղեցու աներկբա համաձայնության «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի կարող հանվել դպրոցական ծրագրերից կամ որևէ կերպ տարրալուծվել: Այդ առարկայի առկայությունն ու դասավանդումը հանդիսանում է Եկեղեցու բառառիկ իրավունքը:

Հարակից և ուշագրավ դիտարկումներ

«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի նկատմամբ ոտնձգությունները նոր չեն հայկական իրականությունում: «Համագործակցություն հանուն Ժողովրդավարության» կենտրոն հասարակական կազմակերպությունը (ում կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (հասարակության մեջ ավելի հայտնի «Սորոսի հիմնադրամ») հրապարակել է «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» վերտառությամբ մի զեկույց (https://www.osce.org/files/f/documents/b/c/74895.pdf), որի հեղինակներից մեկը նշված է Վլադիմիր Վարդանյանը (ենթադրաբար այժմյան ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը), և որի «2.9 Իրավիճակը հանրակրթական դպրոցներում» բաժինը, անուղղակիորեն մեղադրում է Հայ Եկեղեցուն անհանդուրժողականության, այլոց հետապնդման և կրոնական քարոզչության մեջ: Ավելին, երբ ուսումնասիրում ենք www.e-draft.am կայքը հանդիպում ենք 2017 թվականին հանրային քննարկումների մեջ գտնված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող մի օրենսդրական փաթեթի (https://www.e-draft.am/en/projects/246/about), որի վերավերյալ լայնածավալ դիտողություններ է ներկայացրել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը (որի կրթությանը նվիրված մասն անփոփոխ ներկայացվում է ստորև ոտնակում[1]), ում առաջարկության էությունը Հայ Եկեղեցուն արգելելն է առանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության կրոնական քարոզչություն իրականացնել կրթական հաստատություններում:

Ահա որտեղից է գալիս այս անօրինական նախաձեռնությունը:

Վերջաբանի փոխարեն

Հայ եկեղեցին դարեր շարունակ պաշտպանել է հայ ազգին: Այժմ ազգի հերթն է պաշտպանելու եկեղեցուն:

․․․

[1] 8. Կյանական քարոզչությունը կրթական հաստատություններում Նախագիծը նախատեսում է կրոնական քսւյտզչության սահմանափակում կրթական հաստատություննեյտւմ, որը սակայն չի տարածվում ՀԱՍԵ-ի վրա: Այսպես, Նախագծի 5-յւդ հոդվածի 3- րդ կետը սահմանափակում է կրոնի ազատությունը, եթե աոանց ծնողների կամ այլ օրինական ևերկայացուցիչեերի համաձայնության իրականացվում է կրոնական քարոզչություն կամ կրոնական քարոզչության փորձեր այն դաստիարակչական կամ Նախակրթական կամ կրթական հաստատություննեյտւմ, որտեղ դաստիարակվում կամ ուսումնառուն են միէդե 14 տարեկան անչափահաս անձինք: Միաժամանակ, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-յւդ հոդվածի 8-յպ մասով կրոնական գործունեությունը ե քայտզչությունն ուսումնական հաստատություննեյտւմ արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Իսկ «Հայաստանի Հանրապետության ե Հայասաանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայասաանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություննեյտւմ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի ե դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը ե դպյացներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները: Բացի այդ, ՀԱՍԵ-ն իրավունք ունի պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները: Հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները {Հայոց եկեղեցու պատմության ղպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու ղրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա, http://www. osf. am/wp – content/upload s/2014/04/H Hovhannisv an Research- .pdf) ցույց են տալիս, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան չի բավարարում հանրային կրթության մեջ բազմակարծությունն ու հանդուրժողականությունը խթսւնելու ե հրահանգավորումը արգելելու նպատակներին (W. and D.M., M. and H.I. v. the United Kingdom; C.J., J,J and E,J. v. Poland; Bernard and others v. Luxembourg): Ու թեև կրթության կազմակերպումը կայւող է արտացոլել պատմական ավանդույթը ե հասարակության գերիշխող կրոնական պատկանելությունը, դասավանդվող առարկան չպետք է պարունակի կրոնական քարոզչություն ե հետապնղի հրահանգավորման նպատակ, իսկ գերիշխող կյտնի (այս դեպքում ՀԱՍԵ) և այլ կրոնների ներկայացվածությունը ուսումնական ծրագրում չպետք է որակապես տարբերվի: Առաջարկություն. Նախագծով ամրագրել, որ Նախագծի 5֊րդ հոդվածի 3-րդ կետը տարածվում է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա:

Մեկնաբանել