Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոշտ քննադատել է արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին։
«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին իրավիճակի սրման ժամանակ երկրի ամբողջ ղեկավարությունը աշխատանքային տեղերում էր, բացի արտգործնախարարից։ Ես չկարողացա նրան գտնել»,- ասել է Ալիևը այսօր կառավարության նիստին։
Նա դժգոհել է Մամեդյարովի վարքից՝ նրան մեղադրելով անպատասխանատու լինելու համար։
Ալիևը պահանջել է վարչապետից փոխանցել ԱԳ նախարարի հետ երկխոսությունը։ Վարչապետ Ալի Ասադովը պատմել է, որ հարցրել է Մամեդյարովին, թե ինչու նա աշխատավայրում չէ և չի կատարում նախագահի հանձնարարությունները։
Այնուհետև դժգոհություն է հնչել առ այն, որ Մամեդյարովը Հայաստանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությունը։ Հարցադրում է արվել, թե «ի՞նչ համագործակցություն կարող է լինել Հայաստանի հետ»։
Իլհամ Ալիևը քննադատել է ԱԳ նախարարի դիվանագիտական աշխատանքը՝ այն որակելով պասիվ։
«Կարծում եմ՝ մեր դիվանագիտական գործունեությունը կարող էր լինել ավելի արդյունավետ։ Ես բազմիցս եմ ասել, որ մեր դիվանագիտությունը պետք է լինի հարձակողական, ոչ թե պասիվ պաշտպանողական»,- ասել է Ալիևը։
***
Ադրբեջանում վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում են ԱԳ և պաշտպանության նախարարների սպասվող պաշտոնանկությունների մասին լուրերը։