Ռուսաստանի մեր հայրենակիցները չպետք է տրվեն սադրանքների․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանում արձանագրված հայ-ադրբեջանական բռնություններին և հայերին կոչ արել չտրվել սադրանքների։

Ֆեյսբուքի իր էջում արած գրառմամբ Փաշինյանը նշում է․

«Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով ասացի, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլեւ Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ:

Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար:

Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների եւ որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա:

Հարցազրույցը եթեր կգնա մյուս շաբաթվա սկզբին»: