Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, 71 մարդ առողջացել է: Գրանցվել է մահվան 6 նոր դեպք: Բացասական թեստերի թիվը 246 է: Դրական է կատարված թեստերի մոտ 13 տոկոսը։
Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 41 701
Առողջացածներ – 34 655
Փաստացի բուժվողներ – 5 978
Ընդհանուր թեստեր – 185 594
Մահվան ելքեր – 824
Մահվան ելքեր այլ պատճառով – 244
Մահվան դեպքերը
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին), 82 (կին), 59 (տղամարդ), 82 (կին), 74 (կին) և 45 (տղամարդ) տարեկան: «Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրը, հայտնում են ԱՆ-ից, արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 244 է:
Իրավիճակը՝ Արցախում
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:
«COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 254 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 5, ընդհանուր մեկուսացված է 9 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 8046 փորձանմուշի հետազոտություն», – հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: