ԵՄ-ն, Մերկելը պահանջում են անցկացնել Նավալնիի թունավորման թափանցիկ հետաքննություն, պատժել մեղավորներին

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը կոչ է արել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի դեմ ենթադրյալ մահափորձի վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնել:

Եվրամիությունը վճռականորեն դատապարտում է Նավալնիի դեմ ենթադրյալ մահափորձը, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Միանգամայն անհրաժեշտ է, որ ռուսական իշխանություններն անհապաղ և թափանցիկ հետաքննություն նախաձեռնեն Նավալնիի թունավորման փաստով։ Ռուս ժողովուրդը, ինչպես նաև միջազգային հանրությունը պահանջում են ներկայացնել Նավալնու թունավորման հետեւում կանգնած փաստերը»,- նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Հայտարարությամբ հանդես է եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի «թունավորման մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Նախօրեին գերմանական «Շարիտե» հիվանդանոցը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հաստատելով Նավալնիի թունավորման փաստը․ նրա օրգանիզմում հայտնաբերվել են նյարդային համակարգը կաթվածահար անող քիմիական նյութի հետքեր։

Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին գտնվում է Օմսկ քաղաքի հիվանդանոցում: Նա օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ վատ է զգացել, ինչից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում: Նավալնին կորցրել է գիտակցությունը, նրան մտցրել են արհեստական կոմայի մեջ։

Օգոստոսի 22-ին Նավալնիին տեղափոխել են Գերմանիա։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել