Կապարոսը չի նայում ժամանակին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը այսօր հրապարակել է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումների հայտացուցակը։

Ընտրությունը թողնենք մի կողմ և անդրադառնանք մեկ հարցի, որը չի դառնալու քննարկման թեմա:

Այսօր Հայաստանի երեք ակումբներ՝ «Շիրակ»-ը, «Նոա»-ն և «Ալաշկերտ»-ը, Եվրոլիգայի շրջանակներում առաջին հանդիպումներն են անցկացնում:

Կապարոսը չափազանց անհարմար ժամանակ է հայտացուցակ հրապարակում: Ինչո՞ւ: Որովհետև յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է հավաքական հրավիրվելը և երբ դու, իմանալով, որ այդ օրը հայկական երեք առաջատար ակումբների մասնակցությամբ երեք միջազգային հանդիպում կա և հայտացուցակ ես հրապարակում, դրանով կոտրում ես թիմերի ու ֆուտբոլիստների տրամադրությունը:

Եվ այստեղ կարևոր չէ՝ այդ երեք թիմերից հավաքականի թեկնածուներ կա՞ն, թե՞ չկան: Անկասկած կան: Ի՞նչն էր խանգարում, որ հայտացուցակը հրապարակվեր այսօր ուշ երեկոյան:

Մենք, անշուշտ, չենք ուզում ասել, թե սա հատուկ է արվել, բայց ժամանակի իմաստով՝ Կապարոսը շտապեց՝ կոտրելով երեք ակումբների առաջատար ֆուտբոլիստների, հետևաբար և թիմերի տրամադրությունը՝ մի քանի ժամ հետո կայանալիք խաղերից առաջ:

Երկրորդ. որքան էլ Կապարոսը հեռակա կարգով հետևած լինի հայկական ֆուտբոլին ու արտասահմանյան ակումբենրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների խաղերին (կորոնավիրուսի պատճառով մեր ընտրանու մարզիչը Հայաստանում շատ քիչ ժամանակ է անցկացրել և հիմնականում տնից՝ Իսպանիայից է հետևել), նա օբյեկտիվորեն ընտրության շատ ժամանակ չի ունեցել և արդար չէ նրան քննադատել: Բայց նա սխալ է թույլ տալիս, երբ անտեսում է երեք միջազգային խաղ: Այս երեք խաղերը նրա համար լավ հնարավորություն էր՝ ավելի մոտիկից ու լավ տեսնելու մեր ֆուտբոլիստների խաղը: Իրենց հերթին՝ ֆուտբոլիստները, գիտակցելով, որ առաջիկա շաբաթներին սպասվում է հավաքականի երկու խաղ, իսկ նոր մարզիչը փնտրտուքների մեջ է, փորձելու էին աչքի ընկնել և ցույց տալ իրենց ամբողջ ներուժն ու նվիրումը:

Կապորոսի և հայկական ֆուտբոլում իսպանական խմբի գործունեության գնահատականը լինելու է ազգային հավաքականի գրանցած արդյունքը:

Եթե մեր ընտրանին լավ արդյունքեր ցույց տա Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումներում և հուսանք, որ Հայաստանը կհաղթի երկուսին էլ, ապա դա կլինի Կապարոսի պատասխանը բոլոր քննադատներին:

Այս պահին բուռն քննարկման թեմա է դարձել, թե ինչու է բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մերժել միանալ ազգային ընտրանուն:

Կապարոսը, որ ժամանակին ասել էր, թե հեռախոսային կապի մեջ է մեր թիմի ավագի հետ, այսօր հետևյալ պարզաբանումն է տվել. «Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով»:

Առաջիկա երկու հանդիպումներին չեն մասնակցելու նաև մեր մյուս երկու առաջատար ֆուտբոլիստները՝ Գևորգ Ղազարյանը և Սարգիս Ադամյանը: Կապարոսի խոսքերով, երկուսն էլ վնասվածքներից հետո լիովին չեն վերականգնվել:

Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը ազգային հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Կալիսիր – «Գյոտեբորգ» (Շվեդիա)

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան – «Նեման» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)