Ամենավատն առջևում է. ինչպես է Եվրոպան դուրս գալիս կորոնաճգնաժամից

Եվրոպացիներին ամերիկացիներից ավելի արագ է հաջողվել հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի առաջին ալիքը, որ աշխարհում մեծությամբ երկրորդ ԵՄ տնտեսությանը տալիս է անվերապահ առաջնորդի՝ ԱՄՆ-ի հետ խզումը կրճատելու հնարավորություն։ Հին աշխարհի երկրները մեկը մյուսի հետևից վերանայում են մռայլ գնահատականներն ու կանխատեսումները, ավետում են վերականգնման մասին, սակայն տնտեսագետները զգուշացնում են, որ սա կարող է ֆալստարտ լինել։ BBC-ի ռուսական ծառայության հոդվածագիր Ալեքսեյ Կալմիկովը ծավալուն անդրադարձ է կատարել, թե ինչպես է աշխարհը հաղթահարում կորոնաճգմաժամը։ Հոդվածը որոշ կրճատումներով, ստորև։

Քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները պարծենում են վիճակագրությամբ. ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան մտածում էին նախկինում։ Իսկ այդ ժամանակ տնտեսագետները տագնապով վերծանում են առաջանցիկ ցուցանիշները և եզրակացնում՝ ամեն ինչ ավելի վատ կլինի, քան սպասվում էր։ Նրանք տեսնում են, թե ինչպես է գործարար կյանքի բուռն հոսքը, որը դուրս է ցայտում մի քանի ամսվա լոկդաունի ամբարտակի ճաքերից, արագ կորցնում է իր ուժը և վերածվում է սովորական ճահիճ:

Գարնանային կարանտինից հոգնած եվրոպացիները ամառվա ընթացքում կտրվել են դրանից, գնացել արձակուրդ, հաճախել ռեստորաններ, հյուրընկալվել: Տնտեսությունը կենդանացավ, իսկ հետո վերադարձավ նաև վիրուսը ՝ արթնացնելով նոր լոկդաունի ուրվականը։ Իշխանություններն ի պատասխան ՝ նոր սահմանափակումներ են մտցրել, և սպառողները կրկին «փակվում են իրենց բնում». արձակուրդներն ավարտվել են, երեխաները վերադարձել են դպրոց, և ինչով այն կավարտվի, հայտնի չէ: Իսկ որոշ ճյուղեր, ինչպիսին զբոսաշրջությունն է, այդպես էլ դուրս չեն եկել կոմայից։

Ինչու շվեդները չեն վախենում կորոնավիրուսից․ BBC-ի անդրադարձը

«Գարնանային անկումից հետո վերադարձի ուժերը բավական են աշնան համար, սակայն վերջին տվյալները մռայլ պատկեր են նկարում. վերականգնողական ներուժը գրեթե սպառել է իրեն»,- ասում է IHS Markit ընկերության գլխավոր տնտեսագետ Քրիս Ուիլյամսոնը, որն ամեն ամիս չափում է Եվրոպայում բիզնեսի տրամադրությունները՝ հարցումներ անցկացնելով 5 000 ընկերությունների շրջանում:

Oxford Economics-ի հետազոտողները ևս նման եզրակացության են եկել:

«Վերականգնումն ակտիվ է եղել առաջին փուլում, սակայն օգոստոսին աճը դանդաղել է ԵՄ տնտեսապես հարուստ պետություններում Covid-19 վարակակիրների թվի ավելացմամբ։ Վերջին շաբաթներին այն գրեթե կանգ է առել»,- գրում են նրանք և գուժում են տարվա վերջին եռամսյակի (հոկտեմբեր-դեկտեմբեր) կանխատեսումների վատթարացում, որի հետ եվրոպացիները հույսեր էին կապում բիզնեսի, բնակչության և գանձարանի վիրուսային վնասների մի մասը հետ բերելու համար:

Հոռետեսների ոտքերի տակ ոչ թե վիճակագրության ամուր հիմքն է, այլ հարցումների փխրուն ավազներն ու մարդկանց մեծ զանգվածների տեղաշարժման և մետրոներում բեռնվածության, ճանապարհների, ռեստորանների, կինոթատրոնների հաճախելիության վերլուծության տվյալները: Նման «փափուկ» ցուցանիշները հատկապես տարածված են փոթորկային ճգնաժամային ժամանակներում, երբ իրավիճակն այնքան արագ և անկանխատեսելի է զարգանում, որ երկու-երեք ամսվա վաղեմության վիճակագրական չափումների ուղեծիրն իմաստազրկվում է:

Հիմա այդ փափուկ ցուցանիշները ցույց են տալիս, որ սպառողների ու աշխատողների վերադարձը նորմալ կյանքի ընթանում է վարակի բռնկումներին և նոր սահմանափակումներին զուգընթաց, որոնց եվրոպական երկրների իշխանությունները գնում են՝ այս աշնանը և ձմռանը համընդհանուր լոկդաունից ամեն գնով խուսափելու հույսով:

Զոմբի ինկուբատոր

Ստեղծված իրավիճակում հոռետեսությունը երկու հիմնական պատճառ ունի։ Նախ, կորոնավիրուսի երկրորդ ալիքի սպառնալիքը: Երկրորդ, պետական հսկայական աջակցության կրճատման վտանգը:

ԵՄ երկրներն արդեն մոտ 5 տրլն հակաճգնաժամային եվրո են խոստացել բիզնեսին ու քաղաքացիներին։ Դա հսկայական գումար է նույնիսկ հարուստ Եվրամիության համար՝ տարեկան ՀՆԱ-ի ավելի քան մեկ երրորդը։

Այդ ծախսերի շնորհիվ Եվրոպային հաջողվել է խուսափել գործազրկության, զանգվածային սնանկացումների պոռթկումից և տնտեսության էլ ավելի փլուզումից։

Շատ երկրներում իշխանությունները համաձայնել են լոկդաունի ժամանակ բյուջեից վճարել հարկադիր պարապուրդի մատնված աշխատողների աշխատավարձը, որպեսզի նրանց չազատեն։ Վիճակագրությունը լավ է արտացոլում այդ շեղումը. ճգնաժամային երկրորդ եռամսյակում ԵՄ 27 երկրներում զբաղվածությունը կրճատվել է 3 տոկոսով, իսկ աշխատած ժամերի քանակը՝ 13 տոկոսով, հաղորդել է Եվրոստատը:

Ոմանք, ինչպես Գերմանիան, խոստանում են գոնե մեկ տարի պետական աջակցությունը չկրճատել, մյուս ոչ շատ հարուստ երկրները շտապում են ազատվել ծանրաբեռնվածությունից։ Նրանց ծախսերը աճում են։ Ավելի լավ ապագայի համար ներդրումների պտուղների փոխարեն նրանք հաջորդ սերունդներին պարտքեր են թողնում։

Իսկ տնտեսության մեջ աշխատանքի ընդհանուր արտադրողականությունը սուբսիդավորված ոլորտներում ընկնում է, ինչը միայն դանդաղեցնում է վերականգնումն ու առաջացնում է զոմբի-բիզնես, որը հարկատուների արյունն է խմում։

Նման պայմաններում ոչ այս, ոչ էլ հաջորդ տարի մինչճգնաժամային ցուցանիշներին վերադառնալու և տնտեսական աճ սպասել պետք չէ, նախազգուշացրել է գերմանական խոշորագույն Deutsche Bank-ի ղեկավար Քրիստիան Զևինգը:

«Հակաճգնաժամային պետական աջակցությունը և փաստացի հետաձգված սնանկությունները կարող են զոմբիների վերածել երկրի յուրաքանչյուր վեցերորդ ընկերությունը։ Հետևանքները կլինեն լուրջ»,- ասել է նա։

Բանկիրները վախենում են, որ երբ զոմբիները զրկվեն սուբսիդիաներից, նրանք զանգվածաբար կսնանկանան և կդադարեն վճարել վարկերի համար: Ֆինանսական կարգավորիչը BaFin-ը, որը վերահսկում է գերմանական բանկերին, կիսում են նրանց մտահոգությունները.

«Այս պատմությունից մենք այդքան հեշտ դուրս չենք գա, դա հաստատ է», – ասել է BaFin-ի ղեկավար Ֆելիքս Հուֆելդը:

Իրավիճակի վատթարացման դեպքում բանկերի և ֆինանսական ընկերությունների մոտ 20-30 տոկոսի կայունությունը կասկածելի է, Հուֆելդի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:

Եթե ճգնաժամի պատճառով վարկերի վերադարձելիության խնդիր ունեցող բանկերը սկսեն փլուզվել, տնտեսական ճգնաժամին կավելանա ֆինանսականը, որն աշխարհը ցնցեց 2008-2009 թվականներին:

«Մեծ ռեցեսիայից» հետո առաջատար տնտեսություններն ուշքի էին գալիս առնվազն 5-7 տարվ ընթացքում, իսկ գործազրկությունը նախաճգնաժամային մակարդակի է հասում միայն 9 տարի անց։ Ներկայիս ճգնաժամն ավելի մասշտաբային է. այն խոստանում է վատագույնը դառնալ հետպատերազմյան հարյուրամյակի ընթացքում։

Կորցրած տասնամյակ

Տնտեսական աճի ճգնաժամային դադարը մի քանի քայլ հետ է մղում աշխարհը՝ խոստանալով կորցրած տարիներ, եթե ոչ տասնամյակներ։ Բաց թողածը լրացնելու համար պետք է ավելի արագ վազել, ու դա այս խնդիրների պարագայում։

Յուրաքանչյուր հաջորդ ճգնաժամից աշխարհը դուրս է գալիս ավելի երկար ու երկար, հաշվել են գիտնականները: Միջին հաշվով, խոշոր ֆինանսական ցնցումներից հինգ տարի անց զարգացած երկրների ՀՆԱ-ն մոտավորապես 9 տոկոսով պակաս է այն վիճակից, թե ինչպիսին կլիներ, եթե աճը շարունակվեր առանց ճգնաժամի ընդմիջման:

ՀՆԱ-ի կրճատումը, այսինքն՝ արտադրության, սպառման, ներդրումների և արտահանման ընդհանուր ծավալի նվազումը, հղի է աղքատության աճով, հասարակության շերտավորմամբ, կյանքի որակի վատթարացմամբ, ինչը սպառնում է սոցիալական, քաղաքական և միջազգային լարվածությամբ։

Այդ պատճառով Եվրոպայում վերականգնման տեմպերը կենսական նշանակություն ունեն աշխարհի համար, քանի որ ԵՄ-ն մոլորակի գլխավոր և ամենահարուստ սպառման շուկան է՝ գրեթե կես միլիարդ մարդ և տարեկան 14 տրիլիոն դոլար ապրանքների և ծառայությունների թողարկման և սպառման համար:

Բայց առայժմ, չհասցնելով կենդանանալ, Եվրոպան նորից խնդիրների է բախվում։

Դա հատկապես նկատելի է ԵՄ-ի համար առանցքային ծառայությունների ոլորտում, որը կազմում է տնտեսության առյուծի բաժինը: Եվ հատկապես այն երկրներում, որտեղ սանիտարական նորմերը և արգելքները խիստ են, առաջին հերթին, Իտալիայում և Իսպանիայում, նշում է Քրիս Ուիլյամսոնը IHS Markit-ից:

Մյուս կողմից, ուժեղ արդյունաբերությամբ և արտահանման ծավալներ ունեցող երկրները շահում են համաշխարհային պահանջարկի վերականգնումից: Գերմանիան օրերս մի փոքր բարելավել է ընթացիկ տարվա կանխատեսումը և այժմ ակնկալում է ՀՆԱ-ի 5,8 տոկոս կրճատում, մինչդեռ ընդհանուր առմամբ ԵՄ-ն սպասում է տնտեսության ռեկորդային անկում 8,3 տոկոսով:

Ֆրանսիան նույնպես պատրաստվում է բարելավել կանխատեսումը, հայտնել է ֆինանսների նախարար Բրյունո լը Մերը։ Սակայն նրա ենթականերն անմիջապես զգուշացրել են, որ վաղ է ուրախանալ։

«Տնտեսության աշխուժացումը նկատվել է սահմանափակումների վերացումից հետո երկրորդ եռամսյակի վերջում, սակայն մինչև տարեվերջ դրա տեմպը կդանդաղի»,- վերջին հետազոտության մեջ հայտնել է ֆրանսիական Insee վիճակագրական գործակալությունը:

Արդյունքում, չնայած հուլիս-սեպտեմբեր ամիսներին 17% «մեծ մասամբ տեխնիկական» աճին, տնտեսությունը մինչև աշնան կեսերը 5%-ով պակաս կլինի նախաճգնաժամային ցուցանիշից:

Թեկուզ «տեխնիկական», բայց եռամսյակային աճի 17 տոկոսը տպավորիչ կլիներ, եթե մեկ ամիս առաջ նույն Insee-ն աճը 19 տոկոս չխոստանար։ Եվ սա միակ դեպքը չէ, երբ կանխատեսումը վերանայվում է դեպի բացասական:

«Արագ վերադառնալ մինչճգնաժամային մակարդակին, ինչպես հաշվարկել են ոմանք, մեզ դժվար թե հաջողվի, – գերմանական Landesbank Baden-Württemberg բանկի տնտեսագետ Յենս Օլիվեր Նիկլաշի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:- Մենք չենք կարող արագ վերադառնալ: Առաջիկա ամիսներին, ամենայն հավանականությամբ, պարզ կդառնա, որ ամեն արագացման պարզ բաղադրատոսմերը սպառվել են, և տնտեսությունը շնչառությունը կսկսի կտրվել»։

Իշխանությունները դա հասկանում են և չեն պատրաստվում հրաժարվել դոպինգից։ Ուրբաթ օրը եվրոգոտու 19 երկրների ֆինանսների նախարարները, որոնք կազմում են ԵՄ կորիզը, փետրվարից ի վեր առաջին անգամ հանդիպել են դեմ առ դեմ և խոստացել են չդադարեցնել հակաճգնաժամային ծախսերը:

«Տնտեսության բյուջետային աջակցությունը կշարունակվի, այդ ճանապարհին ոչ մի կտրուկ կանգ չի նախատեսվում»,- եվրախմբի նիստից հետո ասել է նրա նախագահ, Իռլանդիայի ֆինանսների նախարար Պասկալ Դոնոխյուն:

Մեկնաբանել