Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հորդորում են հանդիպել իրենց հետ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հորդորելով առաջիկա շաբաթներին հանդիպել իրենց հետ։ Հայտարարությունը՝ ստորև։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը ՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ստեֆան Վիսկոնտին ՝ Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերը ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից) ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել Փարիզում սեպտեմբերի 14-ին։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Համանախագահները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանին բռնության սրումից հետո տեղի ունեցած նոր իրադարձություններին: Համանախագահները հանգամանորեն քննարկել և գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային ուղերձներն ու մտահոգությունները ։ Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տեղեկացրել են տեղում անվտանգության ոլորտում իրավիճակի մասին եւ ողջունել են դիտարկման գործունեության վերսկսման կոնկրետ նախապատրաստությունը:

Համանախագահներն առանձին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և հորդորել նախարարներին՝ առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպել համանախագահների հետ՝ նրանց համապատասխան դիրքորոշումներն առավել հստակեցնելու նպատակով՝ առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները վերսկսելու նպատակով:

Համանախագահները նախկինի պես ակտիվ և համակողմանի մասնակցում են ԵԱՀԿ մանդատին համապատասխան խաղաղ և համապարփակ կարգավորման շուրջ բանակցություններին աջակցելուն։

Press Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group