«Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի ոսկու հանքավայրի նյութերն ուղարկվել են դատախազություն

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից սեպտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։

Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  տրամադրած տեղեկությունների, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությունը 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննական եզրակացության, խախտվել են սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները:

Գրության մեջ, մասնավորապես նշվում է, որ դեռևս 2018 թվականի փետրվարի 12-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել «Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով շահագործման 2018-2037 թվականների համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը»: Համաձայն հայտի՝ 2005 թվականին կառուցվել է ֆաբրիկա, որի փաստաթղթերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ներկայացվել փորձաքննության:

Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ Մղարթի ոսկու հանքավայրում ստուգումների իրականացնելու համար: 

Պարզվել է, որ հանքի տարածքում առկա են հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար, որոնք կառուցվել են առանց ՇՄԱԳ փորձաքննության: 

Այսպիսով, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը հանքարդյունահանման համալիրը շահագործել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ. այն է՝ ընկերությունը Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական համալիրը շահագործել է՝ չունենալով հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

Ուղարկված գրությամբ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին հանձնարարել համապատասխան մարմիններին ուսումնասիրել փաստական հանգամանքները և համապատասխան փաստաթղթերը և օրենսդրությամբ սահմանված կարգով տալ համապատասխան ընթացք։