Մեկնարկել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը

«Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների ներգրավմամբ. ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Գործնական վարժանքներին մասնակցում են հրաձգային, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ զորքերի միացյալ խմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ։

Զորավարժությունների ընթացքում խաղարկվում են պաշտպանության և հակահարձակման էլեմենտներ, կատարելագործվում է ստորաբաժանումների ղեկավարումը համատեղ խնդիրների կատարման ժամանակ, հստակեցվում է փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով»,- հայտնում է Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ընդհանուր առմամբ, Հայաստանում «Կովկաս -2020» զորավարժություններում ներգրավված է ավելի քան 1 500 մարդ և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա։