Վրաստան արգելել է Ադրբեջան և Հայաստան ռազմական բեռների տեղափոխումն իր տարածքով

Վրաստանը հերքում է լուրերն այն մասին, որ սիրիացի գրոհայինները Թուրքիայից Ադրբեջան են տեղափոխվում Վրաստանի տարածքով: Պաշտոնական Թբիլիսին նաև հաստատում է՝ ժամակավորապես դադարեցրել է իր տարածքով երկու երկրներ ռազմական բեռների տեղափոխման թույլտվությունների տրամադրումը ինչպես ցամաքով, այնպես էլ օդով: 

«Տեղեկությունն այն մասին, թե սիրիացի գրոհայիններն իբր Թուրքիայից Ադրբեջան են տեղափոխվում Վրաստանի տարածքով, չի համապատասխանում իրականությանը և ուղղված է տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը», – հայտնել է Վրաստանի Պետանվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին: 

Նրա խոսքով, սոցիալական ԶԼՄ-ներում ապատեղեկատվություն է տարածվել այն կապակցությամբ, թե իբր Թուրքիայից Վրաստանի տարածքով Ադրբեջան են տեղափոխվում Սիրիայի ոչ պաշտոնական զինված կազմավորումների մասնակիցները: «Դա սուտ է, որն ուղղված է իրավիճակի սրմանը և տարածաշրջանում լարվածության մեծացմանը»,- հայտարարել է նա ճեպազրույցի ժամանակ: 

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», անդրադարձել է Վրաստանի տարածքով Հայաստան և Ադրբեջան ռազմական բեռների փոխադրումն արգելելու հարցին: 

«Հակամարտության էսկալացիայից հետո Վրաստանը չի սահմանափակել քաղաքացիական բեռների փոխադրումն իր տարածքով։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը լարվածության սկսվելուց ի վեր ժամանակավորապես դադարեցրել է իր տարածքով երկու երկրներ ռազմական բեռների տեղափոխման թույլտվությունների տրամադրումը ինչպես ցամաքով, այնպես էլ օդով: Այդ մասին Կողմերը տեղեկացված են եղել», – հավելել է նա։