Եթե Մատաղիսը գրավել են, ինչո՞ւ Ալիևը չի այցելում Մատաղիս. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություները հյուսիսային և հարավային հատվածներում շարունակվում են։ Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողներին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Հովհաննիսյանը նշեց, որ վերջին օրվա ընթացքում հակառակորդի կորուստները կազմել են 400 զինծառայող, 700  վիրավոր, 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ ու մեկ ԱԹՍ։ 

Ադրբեջանական լրատվամիջոցներում և պաշտոնական շրջանակների կողմից ներկայացվող այն տեղեկությունը, թե նրանց հաջողվել է գրավել Ջաբրայիլը, Հովհաննիսյանը ապատեղեկատվություն որակեց։ «Մենք տեսանք, թե երեկ ինչպես էին իրենք իրենց շնորհավորում Մատաղիսը գրավելու կապակցությամբ, թվարկում փոքր բնակավայրերը, իսկ այսօր մենք հրապարակեցինք տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից ուղղակի փախչում հուժկու հրետանային կրակի տակ։ Այսօր էլ շարունակվեց նույն ապատեղեկատությունը կապված Ջաբրայիլի գրավման հետ, ինչը ևս ապատեղեկատվություն է»,- ասաց նա՝ հարց հնչեցնելով, թե ինչու Ալիևը չի այցելում Մատաղիս, եթե իսկապես գրավել են։ 

Հովհաննիսյանի կարծիքով՝ «Ալիևը գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի և ապատեղեկատվության տիրույթում, ու փաստացի երկրի գերագույն գլխավոր հրամանաատարը չի տիրապետում վիճակին կամ նրան սխալ են զեկուցում»։ 

Օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժի վարած մարտական գործողությունների մասին խոսելով՝ ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց՝ Ադրբեջանը որևէ լուրջ մարտավարական գործողություն չի կարողացել ձեռնարկել ու հետ է շպրտվել։ Ինչ վերաբերում է հակառակորդի հայտարարություններին, թե Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտներին հարվածը եղել է Հայաստանի տարածքից, Հովհաննիսյանը արձագանքեց՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է իր սանձարձակ գործողություններին «լեգիտիմություն» հաղորդել։