Թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան կարող է արգելվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան:

Նախագիծն արդեն քննարկման է դրվել, ընդունվելու դեպքում որոշումնուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից և կգործի 6 ամիս ժամկետով:

Նախարարաությունից հիմնավորել են, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններում:

Նախագծում նշվում է, որ տնտեսվարողների ու բնակչության որոշ մասն արդեն կամավոր կերպով հայտնել է թուրքական ծագման ապրանքների նկատմամբ իր վերաբերմունքը՝ սահմանափակելով դրանց վաճառքը և ձեռնպահ մնալով նմանատիպ ապրանքների ձեռքբերումից:

Նախարարությունը նշել է, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ։