Պուտինն անձամբ ամեն ինչ անում է Ղարաբաղում քաղաքական կարգավորման համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար, հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ բանաձևով կարող է կարգավորումն անցնել։

«Նախկինի պես նախագահ Պուտինն անձամբ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկու մայրաքաղաքներում երկու կողմերի իր գործընկերներին դուրս բերի կարգավորման քաղաքական-դիվանագիտական ուղու վրա», – ասել է Պեսկովը ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հարցին, թե ինչ քաղաքական-դիվանագիտական լուծում կարող է գտնվել, Կրեմլի ներկայացուցիչն ասել է. «Ես կարծում եմ, որ չափազանց անթույլատրելի սխալ կլիներ հիմա ձևակերպել կարգավորման ինչ-որ բանաձևեր»:

Պեսկովը պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի և Անկարայի մոտեցումների տարբերությունների մասին: «Անկարան չի թաքցնում Ադրբեջանին իր բացարձակ, անվերապահ աջակցությունը և գտնում է, որ այդ խնդիրը կարելի է լուծել ռազմական, ուժային ճանապարհով»,- նշել է նա:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը եւ նախագահ Պուտինը համոզված են, որ ղարաբաղյան հակամարտությունը ուժային լուծում չունի, կա միայն մեկ ճանապարհ՝ կարգավորման քաղաքական-դիվանագիտական ճանապարհ: