Պատերազմը փոխել է իր բնույթը. Արծրուն Հովհաննիսյան

Պատերազմը շարունակվում է, այն իր բնույթը որոշակիորեն փոխել է. մեր զինված ուժերը այն նույն ուժգնությամբ, այն նույն բարդությամբ ու արագությամբ մարտեր չեն վարում, բայց վարում են բարդ մարտեր լեռներում, անտառներում, կիրճերում. այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր չեզոքացվել են մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախուստի է դիմել՝ թողնելով որոշակի տեխնիկա: Հակառակորդն այլևս կորցրել է իր ահռելի քանակական առավելությունը, իր տեխնոլոգիական առավելությունը: Դա գալիս է տարբեր հանգամանքներից՝ առաջինը՝ տեղանքից, երկրորդը՝ մեր հմտությունների կատարելագործումից և փորձից»,- ասաց Հովհաննիսյանը:

Խոսելով առաջնագծում իրավիճակի մասին՝ ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ադրբեջանական ռազմական ուժերը կրկին շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: Միաժամանակ հրետակոծվել են մի քանի բնակավայրեր:

«Այսօր հակառակորդը փորձել է Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև հարավային ուղղությամբ մոտենալ Հայաստանի Հանրապետության սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել:

Գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է, որպես կանոն փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազեն սպառազինություն: Մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են անտառներով և լեռներով՝ փորձելով այլ ուղղություններ զարգացնել: Այս ուղղությամբ 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են:

Դաշտավայրերում որոշակի հաջողության հասնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերը փորձում են զարգացում ապահովել նաև անտառային, լեռնային տեղանքում, որն այդքան էլ հեշտ չի հաջողվում, և ընթանում է մարտավարական առումով ավելի բարդ ու դժվար պայքար»-, հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։