Սիրիական փակուղի

Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են գլխավոր խոչընդոտը մնալ Սիրիային «դատապարտելու» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճանապարհին։ Նրանք պաշտպանում են Ասադի վարչակարգը, չնայած Արևմուտքը Սիրիայում արդեն 3500 զոհ է հաշվում։

Բաշար ալ Ասադն Արևմուտքին սպառնում է Սիրիան վերածել «քսան Աֆղանստանի»՝ երկրի ներքին գործերին արտաքին միջամտության դեպքում։ Ավելին՝ անցյալ շաբաթ Սիրիա մեկնած Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ոչ միայն այցելեց տեղի ուղղափառ տաճարները, այլև հանդիպեց անձամբ Ասադին։

Սիրիան «Ռոսօբորոնէքսպորտ»-ի խոշոր գնորդներից է. ստորագրված գործարքների արժեքը $3,5 մլրդ է։ Իսկ այս ընկերությունը խոշոր վնասներ է կրում Լիբիային զենքի մատակարարման $4 մլրդ-ի գործարքների չեղյալ հայտարարումից։

Ռուսաստանը Սիրիայում լիբիական սցենարի կրկնություն չի ուզենա ոչ միայն շուկան չկորցնելու, այլև այն պատճառով, որ Սիրիան տարածաշրջանում Իրանի փոքրաթիվ համախոհներից է։ Եթե Ասադի վարչակարգը չդիմանա, հաջորդ թեժ կետը, ըստ ամենայնի, կլինի Իրանը։ Իսկ սա կհարվածի ոչ միայն տնտեսությանը։

Մոսկվան, Պեկինը, Արաբական լիգան այսօր հույս ունեն Սիրիայի նախագահին համոզել բարեփոխումներ իրականացնել ու ընդդիմության հետ երկխոսության գնալ։ Հույսերը, սակայն, ապարդյուն են։ Ցանկացած զիջում կհանգեցնի Ասադի իշխանության թուլացմանը, իսկ ազատ ընտրությունները կավարտվեն նրա վարչակարգի տապալմամբ։

Այստեղ մի կարևոր կրոնական գործոն էլ կա՝ Ասադն ալավի է, որոնք Սիրիայի բնակչության ընդամենը 8%-ն են։ Սիրիացիների մեծ մասը սուննիներ են, որոնք ալավիներին անգամ մուսուլման չեն համարում։ Արդար քվեարկության դեպքում սուննի թեկնածուները, անկասկած, կհաղթեն։ Ասադին չի հաջողվի խաղաղ պաշտոնաթող լինել՝ հաշվի առնելով նաև այն, թե որքան արյուն է արդեն թափվել։ Նա կուզի ամեն գնով պահպանել իր վարչակարգը՝ հույսը դնելով Ռուսաստանի ու Չինաստանի վրա։

Սակայն պնդել, թե վերջիններս կկարողանան փրկել Ասադի վարչակարգը, հանդուգն կլինի։ Սիրիական վարչակարգին ցուցաբերվող աջակցությունը միայն երկարաձգում է նրա գոյությունը և բարենպաստ պայմաններ ստեղծում զանգվածային սպանությունների համար։ 

Մեկնաբանել