Բաքվի գազային քայլքը դեպի Եվրոպա

SOCAR-ը բանակցում է BP-ի և Botas-ի հետ

Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ SOCAR-ը, բանակցություններ է վարում բրիտանական British Petroleum-ի (BP) և թուրքական Botas-ի հետ՝ ավելցուկային գազը մինչև 2017թ. Եվրոպա արտահանելու վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է SOCAR-ի նախագահի խորհրդական Մուրադ Հեյդարովը։ Նշենք, որ ադրբեջանական գազի լայնածավալ արտահանման մեկնարկը նախատեսված էր 2017թ.։

Հեյդարովի խոսքով՝ SOCAR-ն ունի գազի ազատ ծավալներ, և իրենք պատրաստ են տարեկան 1 մլրդ խմ գազ վաճառել Բուլղարիային։ «Հարավարևելյան Եվրոպային գազի նման փոքր ծավալների մատակարարման նպատակով մենք արդեն բանակցություններ ենք սկսել BP-ի և Botas-ի հետ՝ առկա ենթակառուցվածքներն օգտագործելու համար»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսքը տարեկան 2 մլրդ խմ գազի մատակարարման մասին էր։

Նշենք, որ BP-ն 2006-ից շահագործում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում հարավկովկասյան գազամուղը, իսկ Թուրքիայի կառավարությանը ենթակա Botas-ը վերահսկում է գազի տարանցումը Թուրքիայի ամբողջ տարածքում։ Հեյդարովի խոսքով՝ այս բանակցությունների ընթացքում պետք է պարզվի, թե առկա ենթակառուցվածքներով տեխնիկապես ինչպես է հնարավոր SOCAR-ի գազի ազատ ծավալները հասցնել մինչև Թուրքիայի՝ Եվրամիության հետ արևմտյան սահմանը։

«Միաժամանակ՝ մենք չենք ցանկանում խախտել Շահ Դենիզ-1-ից գազի արտահանման ծավալները, որոնք ներկայում կազմում են տարեկան 5 մլրդ խմ»,– ասել է Հեյդարովը՝ չնշելով բանակցությունների ավարտի հստակ ժամկետը։

Մյուս կողմից՝ Reuters-ը, վկայակոչելով SOCAR-ին մոտ կանգնած իր աղբյուրները, հաղորդում է, որ ներկայում BP-ի հետ քննարկվում է դեպի Եվրոպա Կասպից ծովի գազի խոշոր մատակարարումների կազմակերպման հարցը։ Այդ աղբյուրների հաղորդմամբ՝ BP-ն դեռ հետաքրքրված չէ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում՝ մինչև ԵՄ սահմանը, նոր հզոր գազամուղի կառուցմամբ, քանի որ շահագործում է Շահ Դենիզ-1-ի գազը Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարի համար։

SOCAR-ը, իր հերթին, փորձում է վերահամոզել BP-ին, մինչդեռ բրիտանական ընկերությունը գազի նոր ծավալներ է ակնկալում ադրբեջանական այլ նախագծերից ևս (Ազերի-Չիրագ-Գյունշելի, ինչպես նաև Շաֆագ-Ասիման նավթագազային հանքավայրեր), նշում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի սկզբին BP-ն ընդլայնեց իր ներկայությունը հետխորհրդային տարածքում SOCAR-ի հետ պայմանագրի կնքմամբ։ Վերջինիս համաձայն՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ Բաքվից 125 կմ հարավ-արևելք գտնվող Շաֆագ և Ասիման գազային երկու խոշոր հանքավայրերը պետք է համատեղ հետախուզվեին և վերաշահագործվեին։ Նախատեսվում էր, որ կողմերը համատեղ ձեռնարկությունում կունենային 50-տոկոսանոց մասնաբաժիններ։ Պայմանավորվածության ժամկետը 30 տարի է՝ այն ևս 5 տարով երկարաձգելու իրավունքով:

Մեկնաբանել