Բիոքիմիկը՝ Ջոբսի պաշտոնում

Apple-ը տնօրենների խորհրդի նոր նախագահ ունի

Ամերիկյան Apple Inc-ում կադրային փոփոխություններ են։ Արթուր Լևինսոնը նշանակվել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, պաշտոնը թափուր էր Սթիվ Ջոբսի մահից ի վեր (2011թ. հոկտեմբերի 5)։ Այս մասին ասված է ընկերության կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրությունում։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Լևինսոնը ԱՄՆ-ի Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ է, բիոքիմիայի դոկտոր, ավելի քան 80 գիտական աշխատությունների և 11 պատենտի հեղինակ։ 2000-ից Լևինսոնն Apple-ի տնօրենների խորհրդում է, 2005-ից՝ ընկերության համանախագահ։

Մինչ այժմ նա աշխատել է Apple-ը տնօրենների խորհրդի բոլոր երեք հանձնաժողովներում՝ աուդիտի և ֆինանսների, նշանակումների և կորպորատիվ կառավարման, ինչպես նաև թոփ մենեջերների փոխհատուցումների սահմանման։ Նշանակումից հետո Լևինսոնն իր գործունեությունը կշարունակի միայն աուդիտի հանձնաժողովում։

Apple-ի տնօրենների խորհրդի նոր նախագահը բիոտեխնոլոգիական Genetech ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է նաև, բացի այդ՝ Roche, Amyris և NGM Biopharmaceuticals ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ։ Ըստ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկի՝ Լևինսոնը «մեծ ներդրում է ունեցել ընկերությունում, և նրա փորձն ու գիտելիքները չափազանց կարևոր են ընկերության համար»։

Նշենք, որ Apple-ի տնօրենների խորհրդի անդամ է դարձել նաև Walt Disney կորպորացիայի գործադիր տնօրեն Բոբ Այգերը։ Այս պաշտոնին նրա նշանակումը, փորձագետների կարծիքով, վկայում է մեդիաբիզնեսի ոլորտում iTunes Store օնլայն խանութի դիրքերն ամրապնդելու՝ Apple-ի մտադրության մասին։

Հատկանշական է, որ Լևինսոնի նշանակման մասին լուրին ներդրողներն ակտիվ չեն արձագանքել։ Նշենք, որ տարեկսզբից Apple-ի բաժնետոմսերն արժևորվել են ավելի քան 20%-ով։

Մեկնաբանել