Ներքին Պուատիեի փնտրտուք

Եթե Մարտելն ընկներ, չէր լինի ո՛չ Կառլոս Մեծ, ո՛չ Հռոմեական սրբազան կայսրություն և ո՛չ էլ Հռոմի պապություն: Հասկանալի է, այդ դեպքում չէր լինի նաև քրիստոնեական միացյալ Եվրոպա և արևմտյան քաղաքակրթություն, համենայնդեպս՝ ներկայիս տեսքով:

Դրանից շուրջ 800 տարի անց՝ 1529թ., թուրքական 120-հազարանոց բանակը Բուլղարիայից շարժվեց դեպի կենտրոնական Եվրոպա, որի ճակատագիրն այս անգամ վճռվեց Վիեննայի մատույցներում:

Ընդամենը 20 հազ. զինվոր ունեցող կայազորն աննկուն դիմակայեց օսմանյան հորդային՝ հօդս ցնդեցնելով Սուլեյման Երևելիի անպարտելիության առասպելը: Ռենեսանսի ծաղկման շրջանում գտնվող Եվրոպան խուսափեց թուրքական յաթաղանից և շարունակեց գիտամշակութային բուռն վերելքը:

Պատմական ակնարկն արտացոլում է եվրոպացիների՝ սեփական մշակույթը, գիտությունն ու արժեքները արտաքին ասպատակությունից և, ընդհանրապես, բռնի ուժից պատսպարելու ունակությունը: Իր պատմության ընթացքում Եվրոպան, մշտապես հյուծվելով ներքին պառակտումներից, կարողացել է կանխել օտար ներխուժումը և փրկել պատմական խաղաղ առաջընթացի պտուղները:

Ստեղծարար, բայց, ավաղ, այնքան խոցելի գիտությունն ու մշակույթը բռնի ուժից ամեն կերպ պաշտպանելու այս ձգտումը ներթափանցել է նաև ներքին կյանք: Եվրոպայում «ուժը չի ծնում իրավունք»: Փոխարենը, ակնածալից գնահատվում և ամեն կերպ խրախուսվում են գիտելիքը, կրթվածությունն ու ստեղծարար ջիղը:

Այս աշխարհընկալումը մարմնավորվում է նաև արևմտյան քաղաքագիտության մեջ, որի անկյունաքարային սկզբունքը քաղաքացիական իշխանությունների կողմից զինուժի վերահսկողությունն է (civilian control over military):

Հայաստանը, ինչքան էլ այսօր անհավանական թվա, եղել է մշակութային և կրթված ազգ: Ցավոք, ստեղծարար այս ուժն այդպես էլ մնացել է չօգտագործված, քանի որ մենք, ի տարբերություն եվրոպացիների, ի զորու չենք եղել պատսպարել այդ արժեքները:

Տասնյակ տարիների աշխատանքը, մտքի ամենավեհ ժառանգությունը անընդհատ կործանվել են բարբարոս ու անողոք ուժի հարվածներից: Ամեն ինչ սկսվել է նորից՝ մինչև հաջորդ նվաճողի արշավանքը:

Բիրտ ուժի առջև մտավորի/հոգևորի խոցելիության արատը դարեր շարունակ ուղեկցել է մեր ազգին և հասել մեր օրեր: Ներկայիս Հայաստանում նույնպես անձի սոցիալական դիրքն ու ազդեցիկությունը պայմանավորվում են ոչ թե նրա ինտելեկտով, հոգևոր մաքրությամբ կամ ստեղծելու ջիղով, այլ վզի տրամագծով ու թիկնազորի գլխաքանակով: Ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր Հայաստանում միտքն ու մշակույթը կարող են անպատժելիորեն ոտնակոխ արվել բիրտ ուժի կողմից:

Սա ճանապարհ է դեպի անդունդ: Անձինք, որոնք իբր փորձում են բարեփոխել Հայաստանը, սպառված խոստումներ կրկնելու փոխարեն պետք է առաջին հերթին մարտահրավեր նետեն բիրտ ուժի ամենազորության հարացույցին:

Կառլ Մարտելն ու Ֆերդինանդ Հաբսբուրգը արյամբ պաշտպանեցին Եվրոպայի՝ մտավորական լինելու իրավունքը: Այսօր այն խլում են մեզանից մեր իսկ հայրենակիցները: Միգուցե մեզ էլ է նոր՝ ներքին Պուատիե հարկավոր: 

Մեկնաբանել