Սպառողական կոմունիզմը Քուվեյթին չփրկեց

Ասել, թե Քուվեյթի էմիր Սաբահ աս Սաբահն ագահ էր ու չէր ուզում կիսել ունեցվածքը մյուսների հետ և հիմա էլ ստանում է իրեն արժանին, սխալ է։

20-րդ դարի կեսից՝ նավթարդյունահանման բումի հենց սկզբից, քուվեյթցիներն անհոգս են ապրել՝ ողջ կեղտոտ աշխատանքը հանգիստ հանձնարարելով իրավազուրկ միգրանտներին։

360 հազ. աշխատող քուվեյթցիների մոտ 80%-ը զբաղված է պետական հատվածում՝ բյուջեից ամսական $4-5 հազ. ստանալով՝ եկամտահարկի զրո տոկոսադրույքով։

Երբ արաբական գարունը սկսվեց, Քուվեյթի էմիրն ապահովագրական քայլերի դիմեց՝ որոշելով իր հպատակներին տպավորել միապետական աննախադեպ առատաձեռնությամբ։ Երկրում գրեթե կրկնապատկվեցին աշխատավարձերը, կենսաթոշակներն ու սոցնպաստները։ Ամուսնացած ուսանողները սկսեցին ստանալ ամսական $1200 կրթաթոշակ, կրթաթոշակների միջին հավելումը կազմեց ամսական մոտ $700։ Զինվորականների, ոստիկանների ու հրշեջների աշխատավարձերը բարձրացվեցին 70-115%-ով։

Կրկնակի աճեցին բոլոր պետծառայողների հաստիքային աշխատավարձերը։ Որպես հավելյալ պարգևավճար անձամբ էմիր Աս Սաբահից երկրի յուրաքանչյուր քաղաքացի ստացավ 1000 քուվեյթական դինարի ($3500) միանվագ վճարում։ Բացի դրանից՝ բոլոր քուվեյթցիներին՝ զառամյալ ծերունիներից մինչև նորածիններ, 14 ամիսների ընթացքում հատուկ խանութներում անվճար սնունդ ստանալու իրավունք տրվեց։

Քուվեյթի բնակչությունը մոտ 1 մլն է։ Էմիրի հակահեղափոխական առատաձեռնությունը գումարային արտահայտությամբ մոտ 100 մլրդ կազմեց։ Սակայն յուրաքանչյուրին $100 հազ-ի թագավորական նվերը քուվեյթցիներին քիչ թվաց։

Ի տարբերություն հարևան նավթային միապետությունների, որոնցից շատերը մինչ օրս ո՛չ խորհրդարան ունեն, ո՛չ էլ Սահմանադրություն, Քուվեյթում երկուսն էլ ձևավորվել են դեռ 1962թ.՝ անկախանալուց անմիջապես հետո։

2000-ականների կեսին էմիրության խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների թիվն այնքան աճեց, որ նրանք սկսեցին «ճնշել» կառավարությանը։ Վերջին հինգ տարիներին Քուվեյթի վարչապետ Նասիր աս Սաբահը ստիպված է եղել 6 անգամ կամավոր հրաժարական տալ և 3 անգամ էմիրին խնդրել ցրել խորհրդարանը՝ անվստահության վոթումից խուսափելու համար։

Արաբական գարնան ազդեցության ներքո ընդդիմադիրները վերջնականապես անցան չափերը։ Սուննի իսլամիստները, լիբերալները, շիաները միավորվեցին հակակառավարական մեկ ճակատում՝ խորհրդարանական 50 մանդատից ստանալով 26-ի աջակցությունը, և պահանջեցին վարչապետի հրաժարականն ու վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ՝ նախարարներին ու կառավարամետ պատգամավորներին մեղադրելով կոռուպցիայի և պետական միջոցների կողոպտման մեջ։

Ընդդիմադիրների խոսքով՝ կառավարությանն աջակցող 16 պատգամավորներն այդ աջակցության համար բազմամիլիոնանոց կաշառքներ են ստանում, իսկ վարչապետ Նասիր աս Սաբահն արտգործնախարարության միջոցով պետական գումարները բյուջեից տեղափոխում է իր արտասահմանյան հաշիվներին։ Մեղադրանքը բավական համարձակ է, քանի որ Նասիր աս Սաբահը հասարակ ինչ-որ վարչապետ չէ. նա 82-ամյա էմիր Սաբահ աս Սաբահի սիրելի զարմիկն ու ժառանգորդն է։

Ընդդիմության նախաձեռնությունը հաջողվեց տապալել միայն Սահմանադրական դատարանի վճռի օգնությամբ։ Սա, սակայն, ընդդիմադիրներին չհանդարտեցրեց։ Նոյեմբերի 16-ին նրանք կազմակերպեցին հակակառավարական ցույց, որի մասնակիցները գրոհեցին խորհրդարանը, ներխուժեցին նիստերի դատարկ դահլիճ ու սկսեցին երգել ազգային հիմնը։ Հիմա էլ վրաններ են խփել և պահանջում են վարչապետի հրաժարականը։

Այս ամենը միգուցե անարդյունք ավարտվի։ Այդուհանդերձ, մարդկությունը հնարավորություն ստացավ ականատես լինելու զարմանահրաշ մի տեսարանի, երբ անվճար սնունդ ու ամսական մի քանի հազար դոլար ստացող մարդիկ պատրաստ են թունավորվել գազից և դիմակայել մահակների հարվածներին՝ իրենց միանգամայն ոչ նյութական պահանջներն առաջ մղելու համար։ 

Մեկնաբանել