Տեխնիկական խոտան. այս անգամ՝ S&P-ում

Երկրորդ սխալը՝ մեկ շաբաթում

Տեխնիկական խնդիրներն ու վրիպակները կարծես թե դարձել են Standard&Poor’s (S&P) միջազգային վարկանշային գործակալության անբաժան ուղեկիցները։ Մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ գործակալությունն անճշտություն է թույլ տվել երկրի վարկային վարկանիշի իջեցման հարցում։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, այս անգամ ոչ հավաստի տեղեկատվությունը վերաբերում է Բրազիլիայի սուվերեն վարկանիշին։

Նոյեմբերի 17-ին S&P-ն իր կայքում հաղորդագրություն էր տեղադրել, որի վերնագրում նշել էր Բրազիլիայի վարկանիշի բարձրացման մասին՝ մինչև BBB-, մինչդեռ բուն հաղորդագրությունում ասված էր, որ վարկանիշը բարձրացվել է մինչև BBB։

Վրիպակն ուղղվել էր հաղորդագրության տեղադրումից 16 րոպե անց, սակայն զգայուն ներդրողները հասցրել էին բացասաբար արձագանքել։

Այդուհանդերձ, շուկաների կտրուկ անկում տեղի չի ունեցել։ Առավելապես արձագանքել է արժութային շուկան՝ բրազիլական ռեալը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,5%-ով՝ 1,7701 բրազիլական ռեալ/$1-ից մինչև 1,7795 բրազիլական ռեալ/$1։ Ավելի ուշ S&P-ի մամլո ծառայությունը հայտնել է, թե փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։

Reuters-ի հաղորդմամբ՝ Բրազիլիայի վարկանիշի բարձրացումը սպասելի էր՝ եվրոպական երկրներին և ԱՄՆ-ին պատուհասած ճգնաժամի ֆոնին։ Ավելի վաղ նույն վարկանիշը՝ BBB, Բրազիլիային շնորհել էր Moody’s գործակալությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին S&P-ն սխալմամբ իջեցրել էր Ֆրանսիայի վարկային վարկանիշը, և այս մասին հաղորդագրություն էր ուղարկվել S&P’s Global Credit-ի որոշ բաժանորդների։ Ավելի ուշ գործակալությունը շտկել էր սխալը և հայտարարել, թե Ֆրանսիայի վարկանիշը շարունակում է մնալ բարձրագույն Aaa մակարդակի վրա։

Հատկանշական է, որ այս շաբաթ Եվրահանձնաժողովը միջազգային վարկանշային գործակալությունների նկատմամբ նոր պահանջներ է սահմանել, որոնք նպատակ ունեն նվազեցնել վերջիններիս ազդեցությունը ֆինանսական շուկաների վրա։

Նախատեսվում է, որ կոպիտ սխալներ և խախտումներ արձանագրելու դեպքում ներդրողների համար կպարզեցվի գործակալություններին դատական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը։ Վարկանշային գործակալությունների ազդեցության սահմանափակման անհրաժեշտությունը Եվրահանձնաժողովում հիմնավորում են նրանով, թե միջազգային երեք խոշոր գործակալությունները՝ Moody’s-ը, S&P-ն և Fitch Ratings-ը, վերահսկում են համաշխարհային շուկայի 95%-ը։

Նոր պահանջների համաձայն՝ պարտատոմսեր թողարկող յուրաքանչյուր ընկերություն պետք է փոխի իր վարկանշային գործակալությունը երեք տարին մեկ, իսկ հաջորդող չորս տարիներին չօգտվի տվյալ գործակալության ծառայություններից։

Մեկնաբանել