Կանխորոշող աբորտները կկանգնեցնեն Հայաստանը խնդրի առջև

Բժիշկը հիշեցրել է, որ Հայաստանում օրենքով թույլատրելի է կնոջ ցանկությամբ մինչեւ 12 շաբաթական հղիության արհեստական ընդատումը: Հղիության արհեստական ընդհատումը մինչեւ 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:

“Տեսականորեն Հայաստանում ապագա երեխայի սեռն որոշելու արդյունքում իրականացվող աբորտների թվի աճի խնդիր պետք է չլիներ, քանի որ երեխայի սեռը կարելի է որոշել միայն 12 շաբաթից հետո: Ուստի, այս խնդրի դեմ պայքարելու համար պետք է բացառվեն անօրինական աբորտները, որոնք մեծամասամբ արվում են դեղորայքային ճանապարհով”,- ասել է Վահե Տեր-Մինասյանը:

Նրա խոսքով, եթե կինը չի գիտակցում, թե ինչ վնաս է հասցնում իր առողջությանը տանը դեղորայքային ճանապարհով հղիությունն ընդհատելիս, “անգամ 100 նոր օրենքի ընդունումը անիմաստ կլինի”:

Իր հերթին Կոտայքի թեմի Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը հայտարարել է, որ աբորտների թվի աճը վկայում է, որ մարդիկ հոգեւոր անկում են ապրում եւ կորցրել են իրենց երկյուղն Աստծո առաջ:

“Աբորտը մարդասպանություն է, որին մեղսակից են թե կինը, եւ թե տղամարդը, ով դրդում է կնոջն այդ քայլին: Հասունացել է ժամանակը, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցին իր հստակ դիրքորոշումն արտահայտի այս եւ այլ արատավոր երեւույթների կապակցությամբ”,- ասել է Կյուրեղ քահանա Տալյանը:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ԵԽԽՎ-ում նախածննդաբերական փուլում պտղի սեռի ընտրության հարցերով զեկուցող, շվեյցարացի խորհրդարանական Դորիս Սթամփը (Doris Stump) ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանում առկա է ապագա երեխայի սեռը որոշելու արդյունքում իրականացվող աբորտների խնդիրը:

Հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ն ընդունել է «Նախածննդաբերական փուլում պտղի սեռի ընտրության» մասին բանաձեւը: Փաստաթղթի համաձայն, Ալբանիայում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում սեռի ընտրությունը հասել է «տագնապալի անհամաչափությունների»:

Մեկնաբանել