Ինչո՞ւ պետք է միջնորդներ ընդգրկենք

Այս փաստը թերևս խոսում է այն մասին, որ Թուրքիայի հատկապես թերզարգացած արևելյան շրջաններն են շահագրգռված Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում, ինչը էապես կնպաստի այդ տարածքների ընդհանուր զարգացմանը: «Օրակարգ»-ի հետ զրույցում Դիարբեքիրի արդյունաբերական պալատի փոխնախագահ Դիադին Գեզերն (Diyadin Gezer) ասում է, որ իր շրջանի գործարարները հետաքրքրված են հայաստանյան շուկայով:

-Պրն Գեզեր, Հայաստանի և Թուրքիայի գործարարների համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք քաղաքական հարաբերությունների բացակայության պայմաններում:

-Աշխարհում յուրաքանչյուր պետություն իր առևտրաշրջանառության 60%-ն իրականացնում է հարևան պետությունների հետ: Մի քանի տարի առաջ Հայաստանի՝ մեր անմիջական հարևանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը չնչին տոկոս էր կազմում: Սակայն վերջերս համագործակցությունը երկու երկրների գործարար ոլորտների միջև աշխուժացել է՝ արձանագրելով 30-35% աճ: Դա հնարավոր է եղել իրականացնել քաղաքական երկխոսության բացակայության պայմաններում: Այսօր մենք՝ Թուրքիայի գործարարներս, նպատակ ունենք առևտրաշրջանառությունը հասցնել միջազգային ցուցանիշների՝ մինչև 60%:

-Հայաստանի և Թուրքիայի միջև, միևնույն է, կա առևտրաշրջանառություն: Ի՞նչն է խանգարում ներկա քաղաքական իրավիճակում մեծացնել առևտրաշրջանառությունը:

-Եթե կարող ենք Հայաստանի հետ անմիջական առևտուր անել, ինչու պետք է միջնորդներ ընդգրկենք և ավելորդ ծախսեր ու բարդություններ առաջացնենք: Այսօր, ցավոք, մենք դիմում ենք այլ միջոցների՝ առևտուր իրականացնելու համար: Քանի որ թուրքական ապրանքները Հայաստան արտահանվում են Վրաստանի և Իրանի տարածքով, դա մեզ կախվածության մեջ է գցում նրանցից, իսկ ուղղակի առևտուրը շատ ավելի հեշտ է ու երկուստեք ձեռնտու է:

-Համաժողովին ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի և Դիարբեքիրի գործարարների միջև:

-Այս պահի դրությամբ Հայաստանի և Դիարբեքիրի՝ որպես երկու տնտեսությունների միջև կոնկրետ պայմանավորվածություն չկա: Մենք Հայաստան ժամանել ենք 30-հոգանոց պատվիրակությամբ՝ բացահայտելու Հայաստանի շուկայի հնարավորությունները, ուսումնասիրելու համար առկա պահանջարկը:

-Իսկ ո՞ր ոլորտներն են Ձեզ հետաքրքրում Հայաստանում:

-Դեռ ուսումնասիրության փուլում ենք: Անկեղծ ասած՝ բացի հայկական արտադրողական շուկայի հնարավորություններից, մեզ հետաքրքրում է ձեր սպառողական շուկան: Մեր գործարարները ցանկանում են բացահայտել, թե ինչպիսի ապրանքներ կարող են հետաքրքրել հայ սպառողին:

-Իսկ ի՞նչ կարող է առաջարկել Դիարբեքիրը:

-Դիարբեքիրը մարմարի, չմշակված ստորգետնյա ռեսուրսների, սննդամթերքի և անասնապահության մեծ ռեզերվներ ունի, որոնք կարող են հետաքրքրել հայ արտադրողներին և շուկայի մասնակիցներին: Այդ ոլորտներում Դիարբեքիրը Թուրքիայի ընդհանուր տնտեսությունում առաջատար դիրքեր ունի: Չնայած առկա հնարավորություններին՝ մինչ այսօր Դիարբեքիրի գործարարները Հայաստան արտահանում չեն իրականացրել: 

Մեկնաբանել