Լուծումը կարող է լինել ֆեդերացիան

-Ի՞նչ հեռանկարներ ունի կիպրոսյան կարգավորումը։

-Չնայած բարձր մակարդակով շփումների խիտ գրաֆիկին՝ արդյունքներն առայժմ չափազանց հուսահատեցնող են։ Պարզ ասեմ՝ փոխզիջում փնտրելու պատրաստակամություն կիպրոսցի հույները չեն դրսևորում։

-Ինչպե՞ս է դա արտահայտվում։

-Կարգավորման կարևոր խնդիրներից՝ կառավարման ձև, իշխանությունների լիազորությունների սահմանազատում, սեփականություն, տարածքային բաժանում, քաղաքացիություն, և ոչ մեկի հարցում առաջընթաց չկա։ Գիտակցելով, թե որքան բարդ է հաղթահարել անցյալի ժառանգությունը՝ մենք առաջարկում ենք հնգամյա անցումային շրջան, որի լրանալուն պես Հյուսիսում ու Հարավում կարող է կղզու ապագայի վերաբերյալ հանրաքվե անցկացվել։ Երկարաժամկետ կարգավորման համար Եվրամիությունը պետք է օրենսդրորեն ամրագրի հանրաքվեի արդյունքները։

Մեր հիմնական նպատակը կիպրոսյան խնդրին երկգոտի, երկհամայնքային ֆեդերատիվ մոդելի շրջանակում լուծում գտնելն է։ Այդպիսի մոդելը թույլ կտա կիպրոսյան միասնական պետության շրջանակում երկու համայնքների միջև հարաբերությունները կառուցել իրավահավասար գործընկերության սկզբունքով, այլ ոչ թե փոքրամասնության ու մեծամասնության, ինչպես հիմա է՝ կիպրոսցի թուրքերին ու կիպրոսցի հույներին թույլ տալով ընտրել իրենց ղեկավարներին։

Երկրորդ կողմը մերժում է մեր առաջարկները և պարզապես ժամանակ է ձգում բանակցային գործընթացում։ Մենք հավերժ բանակցել չենք կարող։

-Մի՞գուցե իրադրությունը փոխվի, չէ՞ որ Կիպրոսը 2012թ. ստանձնելու է ԵՄ նախագահությունը։ Առավելևս, որ Բրյուսելը մտադիր է ամեն կերպ նպաստել կարգավորմանը։

-Եթե մինչ գալիք տարվա ամառ՝ մինչ կիպրոսցի հույների ԵՄ նախագահությունը ստանձնելու պահը, լուծում չգտնվի, հետագա բանակցություններն անիմաստ կդառնան։ Մենք, իհարկե, հույս ունենք, որ ԵՄ-ն կարող է կիպրոսցի հույներին կոչ անել առավել կառուցողական դիրքորոշում որդեգրել։ Սակայն ի տարբերություն մեզ՝ կիպրոսցի հույները ԵՄ-ին միակողմանի անդամակցություն ունեն։ Հաշվի առնելով սա՝ պարզ չէ, թե որքան արդյունավետ կլինի Բրյուսելի ազդեցությունը։

-Բայց չէ՞ որ կարգավորումը ԵՄ-ին թույլ կտա փրկել իր դեմքը կիպրոսյան նախագահության նախաշեմին։

-Մենք ԵՄ-ի դերը տեսնում ենք ոչ միայն բանակցային գործընթացի շրջանակում կիպրոսյան կարգավորմանը նպաստելու մեջ։ Մենք լիահույս ենք, որ ԵՄ-ն ակտիվ քայլեր կձեռնարկի Հյուսիսային Կիպրոսի մեկուսացման և մեր նկատմամբ սահմանված էմբարգոյի վերացման ուղղությամբ։ Եթե սա տեղի չունենա, Կիպրոսի հունական համայնքի վերաբերմունքը մեր նկատմամբ չի փոխվի։ 

Մեկնաբանել