Nokia-ն հեռանում է Գերմանիայից

Բորսաները բարեհաճ չեն ֆիննական ընկերության նկատմամբ

Բջջային հեռախոսների խոշոր արտադրող ֆիննական Nokia ընկերությունը Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսային ապացուցակման հայտ է ներկայացրել՝ պայմանավորված գործարքների ծավալների անկմամբ։

Եթե գերմանական առևտրային հարթակի ղեկավարությունը բավարարի ընկերության հայտը, ապա Nokia-ի բաժնետոմսերը Ֆրանկֆուրտի առևտրային հարթակից դուրս կբերվեն արդեն 2012թ. առաջին կիսամյակում։

Nokia-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում ընկերության բաժնետոմսերով գործարքների ծավալը շարունակում է նվազել, ինչը, իր հերթին, նվազեցնում է գերմանական բորսայի մասնաբաժինը ընկերության բորսայական համաշխարհային առևտրում։

2003թ., 2004թ. և 2007թ. ընկերությունը, համապատասխանաբար, լքել է Լոնդոնի, Փարիզի և Ստոկհոլմի բորսաները։ Ֆրանկֆուրտից հեռանալուց հետո Հելսինկիի NASDAQ OMX Helsinki բորսան կմնա եվրոպական առևտրային միակ հարթակը, որտեղ հնարավոր կլինի Nokia-ի բաժնետոմսերով գործարքներ կատարել։ ԱՄՆ-ում Nokia-ն ներկայացված է Նյու Յորքի բորսայում՝ ամերիկյան դեպոզիտար ստացականների (ADR) տեսքով։

Ֆիննական ընկերությունը խնդիրների է առերեսվել ոչ միայն բորսաներում. ընկերության վրա մեծ ճնշում է գործադրվում մրցակիցների՝ առաջին հերթին հարավկորեական Samsung-ի կողմից։ Այսպես՝ ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում Samsung-ի սմարթֆոնների վաճառքը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է երեք անգամ։ Սա այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում ֆիննական ընկերության հասույթը կրճատվել է 1/4-ով՝ հասնելով €5,4 մլրդ-ի։

84%-ով նվազել է նաև Nokia-ի գործառնական շահույթը և կազմել €132 մլն։ Բացի այդ՝ 2010թ. 3-րդ կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 3%-ով կրճատվել են ընկերության բջջայինների վաճառքները՝ կազմելով 106,6 մլն, սմարթֆոնների վաճառքը նվազել է 38%-ով՝ մինչև 16,8 մլն սմարթֆոն։

Nokia-ի նկատմամբ սպառողների հետաքրքրության նվազման պատճառով ընկերությունը կորցնում է շուկայում իր մասնաբաժինը։ Թեև ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում բջջային հեռախոսների համաշխարհային շուկայում ֆիննական արտադրողը պահպանել է առաջատարի իր դիրքերը՝ շուկայի 27%-ը, ֆինների մասնաբաժինը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 4,5%-ով։ Երկրորդ տեղում Samsung-ն է՝ 22%։

Ինչ վերաբերում է սմարթֆոնների շուկային, Nokia-ն զգալիորեն զիջել է ինչպես հարավկորեական Samsung-ին, այնպես էլ ամերիկյան Apple-ին. այս շուկայում ընկերության մասնաբաժինը մեկ տարում նվազել է շուրջ երկու անգամ՝ հասնելով 14%-ի։

Այս պայմաններում Nokia-ի բաժնետոմսերը Հելսինկիի բորսայում, սկսած այս տարվա սկզբից, գրեթե կրկնակի էժանացել են։ Ըստ մի շարք փորձագետների՝ բաժնետոմսերի էժանացումը հանգեցնում է ինչպես բորսայում գործարքների ծավալի նվազմանը, այնպես էլ թրեյդերների հետաքրքրության անկմանը։ Չի բացառվում, որ գերմանական բորսայից հեռանալու Nokia-ի որոշումը պայմանավորված է հենց այս հանգամանքով։

Մեկնաբանել