Հետ քաշել դիպուկահարներին

Ըստ Azatutyun.am-ի՝ նիստի շրջանակում փակ դռների հետևում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջև, որոնք հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որն ընթերցել է Կիրիլ Ա-ն: Հայտարարությամբ երեք հոգևոր առաջնորդները կոչ են անում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից հետ քաշել դիպուկահարներին:

«Հետևողականորեն կոչ ենք անում շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, որպեսզի այլևս մարդկանց արյուն չթափվի, և չլինեն զոհեր: Ուժի գործադրումից հրաժարվելը պետք է ներառի նաև այս կարևոր փոփոխությունը: Եթե արյուն չթափվի, կփոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչն էլ նոր հեռանկարներ կբացի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մենք աղոթում ենք, որ երկու երկրների ինչպես ղեկավարների, այնպես էլ ժողովուրդների փոխհարաբերությունները քայլ առ քայլ փոխվեն դեպի լավը»,– հայտարարել են հոգևոր առաջնորդները:

Երեկ ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանը նիստին հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը կրոնական բնույթ չունի, և պետք է թույլ չտալ հակադրել միմյանց քրիստոնեությունն ու իսլամը: «Հակասությունները և խնդիրները պետք է կարգավորվեն ոչ թե լարման և սպառնալիքների մեծացման, այլ շփումների, բանակցությունների և համագործակցության միջոցով: Երբեմն մոռացվում է, որ հանդուրժել նշանակում է համակերպվել մի բանի գոյության հետ, որն այնքան էլ հաճելի չէ»,– ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլին Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել էր Բաքու, որտեղ հանդիպում էր ունեցել ինչպես Ալլահշուքյուր Փաշազադեի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: 

Մեկնաբանել