Յուրաքանչյուր երրորդը` աղքատ

Ուշագրավ է, որ անցյալ տարի երկրում գրանցված 2,6% աճի պայմաններում աղքատության մակարդակը բարձրացել է 1,7-տոկոսային կետով՝ կազմելով 35,8%: (2009թ., երբ Հայաստանի տնտեսությունը կրճատվեց 14,4%-ով, աղքատության մակարդակն աճել էր 6,2-տոկոսային կետով՝ կազմելով 34,1%):

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ փաստորեն, անցած տարի Հայաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչն աղքատ է եղել, յուրաքանչյուր հինգերորդը՝ շատ աղքատ, իսկ 3%-ը՝ ծայրահեղ աղքատ: Ըստ զեկույցի՝ երկու տարվա ընթացքում՝ 2009-2010 թթ., մոտ 270 հազ. մարդ դարձել է աղքատ, և աղքատների թվաքանակը 2010թ. վերջին կազմել է մոտ 1,2 մլն: 290 հազ. հոգի նույն ժամանակահատվածում շատ աղքատ են դարձել (694 հազ.), իսկ 46 հազ. հոգի՝ ծայրահեղ աղքատ (98 հազ.):

Պաշտոնական վիճակագրությունից երևում է, որ վերջին երկու տարվա ընթացքում ոչ միայն ավելացել է աղքատների թիվը, ինչը կարող է ժամանակավոր բնույթ ունենալ, այլև խորացել է շատ աղքատների և ծայրահեղ աղքատների սոցիալական վիճակը։

Շատ աղքատների և ծայրահեղ աղքատների թվի ավելացումը վկայում է այն մասին, որ Կառավարության կողմից 2009թ. և 2010թ. ընտանեկան նպաստների և կենսաթոշակների բարձրացումները, համապատասխանաբար 25%-ով և 35%-ով, բավարար չեն եղել աղքատության դեմն առնելու համար։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ աղքատների ամսական միջին առավելագույն եկամուտը կազմել է Դ33,5 հազ., շատ աղքատներինը՝ Դ27,4 հազ., իսկ ծայրահեղ աղքատներինը՝ Դ19,2 հազ.։ Սա այն դեպքում, երբ 2010թ. պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ պարենային նվազագույն զամբյուղը կազմել է Դ23,5 հազ., իսկ սպառողական նվազագույն զամբյուղը՝ Դ41,6 հազ.։

Հայաստանում աղքատության տարածմանը զուգահեռ խորացել է բնակչության եկամուտների բևեռացումը։

Այսպես, եթե 2009թ. Gini գործակիցը (երկրում եկամուտների բաշխման հավասարաչափությունը, ըստ որի՝ 0-ն համարվում է եկամուտների կատարյալ հավասարաչափ բաշխում, 1-ը՝ եկամուտների առավելագույն բևեռացում) կազմում էր 0,355, ապա 2010թ. այն արդեն կազմել է 0,362: 2008թ. Gini գործակիցը կազմել է 0,339:

Վերջին երկու տարիներին Gini գործակցի փոփոխությունները ցույց են տալիս, որ երկրում ընդհանուր եկամուտների կրճատումն առավելապես հարվածում է սոցիալապես անապահով խավերին:

Եթե 2009թ. աղքատության մակարդակի և Gini գործակցի մեծացումը Հայաստանի իշխանությունները հիմնավորում էին տնտեսական ճգնաժամով, ապա անցած տարի արձանագրված ցուցանիշները դժվար թե բացատրվեն ճգնաժամով։ Անցած տարի աղքատության, Gini գործակցի ավելացման հիմնական պատճառներից մեկը եղել է գնաճը։ 2010թ. արձանագրվել է 9,4% գնաճ, իսկ կենսաթոշակների, աշխատավարձերի աճը եղել է ավելի փոքր (կենսաթոշակներն աճել են մոտ 10%-ով, միջին աշխատավարձը՝ 6,7%-ով)։

Նշենք, որ ԱՎԾ զեկույցում աղքատությունը գնահատվում է նյութական (դրամային) ցուցանիշների միջոցով: Նշված համատեքստում, համաձայն Համաշխարհային բանկի սահմանման, աղքատությունը որոշակի կենսապահովման ընդունելի նվազագույնի ապահովման անկարողությունն է:

«Աղքատ» են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, «շատ աղքատ»՝ նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ «ծայրահեղ աղքատ»՝ նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից: 

Մեկնաբանել