Երկար ճանապարհ կաղինի հետ

ՏՄՊՊՀ-ն լաբորատոր ստուգման է ենթարկել փաթեթավորված սուրճի տեսակներ և եկել այդ եզրահանգմանը: Գարի և կաղին հայտնաբերվել են մասնավորապես «Ֆեռո» (համանուն ընկերություն), «Պրեմիեր» («Վալլետտա» ընկերություն), «Պիրամիդ Էլիտ» («Բյուրակն» ընկ.), «Սթար» («Վանս գրուպ»), «Մարսել» («Ասկոլիո» ընկ.) սուրճերում:

ՏՄՊՊՀ հաղորդագրության համաձայն՝ վերոնշյալ ընկերությունները խաբում և մոլորեցնում են սպառողներին՝ իրացնելով ակնհայտորեն բաղադրությանը չհամապատասխանող, ինչպես նաև առողջության համար կասկածելի արտադրանք։

Հանձնաժողովի եզրակացությամբ՝ այդ ընկերությունները բարեխիղճ տնտեսավարողների նկատմամբ մրցակցային լուրջ առավելություններ են ստացել, քանի որ էժանագին հավելանյութերի շնորհիվ կարողացել են սուրճը իրացնել անհամեմատ ցածր գնով: Ընկերությունների գործողությունները որակվել են անբարեխիղճ մրցակցություն, և յուրաքանչյուրը տուգանվել է Դ5 մլն-ով:

Բացի այդ՝ ՏՄՊՊՀ-ն փորձաքննության է ենթարկել մոտ երկու տասնյակ փաթեթավորված սուրճի տուփեր և բացահայտել, որ թեև դրանցում հավելանյութեր չկան, սակայն արտադրանքը ցածրորակ է, իսկ երբեմն՝ պարզապես ոչ պիտանի օգտագործման համար:

«Որոշ դեպքերում սուրճի բաղադրության մեջ կոֆեինի պարունակությունը չափազանց քիչ է, այսինքն՝ սպառողին վաճառվում է կոֆեինազրկված և անորակ սուրճ, որի մասին սպառողը տեղյակ չէ: Իսկ կոֆեինի պարունակության չափից կախված է ոչ միայն սուրճի որակը, այլև գինը»,– նշված է ՏՄՊՊՀ հաղորդագրությունում:

Նշենք, որ սուրճի շուկայի վերոնշյալ խաղորդների վարքագիծն իսկապես ՏՄՊՊՀ-ի տիրույթում է, քանի որ նրանք ըստ էության անբարեխիղճ մրցակցության գործողությունների են դիմել։ Մյուս կողմից, սակայն, Հայաստանում սննդի անվտանգության ոլորտի պատասխանատուն Սննդի անվտանգության պետական ծառայությունն է, որը պարտավոր է վերահսկել արտադրանքի որակն ու բաղադրության համապատասխանությունը ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերին։

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից տնտեսավարողին տուգանելը Կառավարության համար տնտեսապես ձեռնտու չէ։ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 188-րդ հոդվածով («Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները, պարտադիր սերտիֆիկացման կանոնները, չափումների միասնականության ապահովման նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը») նախատեսվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով (Դ100 հազ.-Դ300 հազ.), այն դեպքում, երբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է հասույթի մինչև 1%-ը:

Ստացվում է, որ պետբյուջեի մուտքերի տեսակետից տնտեսավարողներին տուգանելը մրցակցային կանոնների խախտման մասով ավելի շահավետ է։