Չալաղաջի ուրվականը

Ահա, ուրեմն, հանդուրժողականությունը չի կարող լինել փոխադարձ հենց այն պատճառով, որ կողմերից մեկը քայլն անում է առաջինը՝ ամենևին ոչ իր քայլով ըմբռնում գտնելու համար:

Բելգիացի մի քաղակտիվիստ դպրոցներից մեկում կոտրել է Սերժ Սարգսյանի դիմանկարի ապակին: Դպրոցում այսպիսի վարքն իսկապես կարող է դիտվել խուլիգանություն, բայց ոչ պետական խորհրդանիշի հանդեպ, այլ երեխաների անվտանգության, քանի որ հատակին թափված ապակեկտորները որոշակիորեն վտանգավոր են դպրոցում գտնվող փոքրիկների համար:

Բելգիացին չի կարողացել հանդուրժել երկրի ղեկավարի լուսանկարը դպրոցի պատին: Պարզ է, որ ունեցել է իր պատճառները: Հնարավոր է, որ չի պատկերացրել, թե ինչպես են նույն կերպարի մեջ համատեղվում նախագահը՝ իբրև խորհուրդ, և Սերժ Սարգսյանը՝ իբրև անձ: Աստված իր հետ: Բայց եվրոպաներից Հայաստան է հասել, երեխա է ունեցել ու պարզել է, որ պարոն Սարգսյանի ղեկավարած երկրում երեխան միջոց է, որ ոմանք փող աշխատեն:

Եթե բելգիացուն հարցնես՝ լուսանկարը քեզ ի՞նչ է արել, չի կարող պատասխանել: Իսկ երկիրն ունի՞ այն հարցի պատասխանը, թե ոչ վճարովի դպրոցում ինչո՞ւ է ամեն մտահղացում իրականացվում դրամահավաքով: Բելգիացին հանդուրժող չի եղել լուսանկարի հանդեպ, դուք հանդուրժող եղեք մարդու հանդեպ: Որպես ի՞նչ եք բանտարկել:

Լրատվական ծրագրերից մեկում տեսնում եմ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականի «մուննաթը»՝ պետությունը քիչ ժամկետով է դատապարտել Եհովայի վկային՝ 6 տարի: Ձեզ՝ հոգևորականներիդ, ո՞վ պետք է սովորեցնի, որ որևէ մեկին դատելը ձեր գործը չէ:

Աշխարհիկ ինստիտուտները, ասենք, դատարանները հենց այն բանի համար են, որ դուք եկեղեցու զորացմանն ուղղված ձեր գործերը չթողնեք ու չընկնեք սրան-նրան պատասխանատվության ենթարկելու պահանջի կամ անհրաժեշտության հետևից: Նույնիսկ եթե հանցանքը եկեղեցու նկատմամբ է եղել, դատ ու դատաստան պահանջելը, տղե՛րք, ձեր գործը չէ:

Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է գրել հանրապետության նախագահին, խնդրում է միջոցներ ձեռք առնել, ասենք, հետևյալ տողատակով՝ խնդրում եմ, փասա-փուսեդ հավաքիր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Ինչպես է այս նամակին արձագանքում երկրի ղեկավարը:

Նրա պատասխանը հանդուրժողականության «հմայքն» է: «Այդ հայտարարության նպատակն ուղղակի սկսված գործընթացները (միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ կազմակերպելը – Ս. Փ.) սևացնելն է»,– լրագրողներին ասել է Ս. Սարգսյանը: Այս պատասխանի մեջ արդեն ագրեսիա կա, ագրեսիան առաջանում է անսխալականության զգացումից, անսխալականության զգացումը թելադրանք չի հանդուրժում և այլն:

Հետևաբար, երբ ԱՊՀ միջկրոնական խորհրդի նիստին Ս. Սարգսյանն ասում է, որ «հանդուրժել նշանակում է համակերպվել մի բանի հետ, որն այնքան էլ հաճելի չէ», ես լավ չեմ հասկանում՝ ի՞նչ է ուզում լսել հանրապետության ղեկավարը իր երկրի ներկայացուցիչներից, որ հանդուրժի:

Եվ ինչո՞ւ ինքը պիտի ինչ-որ մեկին կերակրի «միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների» ուրվական-չալաղաջով, իսկ այդ մեկը չպիտի ասի, որ գրավելով բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը՝ կասկածի տակ եք դնում այդ համապատասխանությունը:

Ի վերջո, ձեզանից ո՞վ էր 2003թ.նախագահի ընտրությունների կեղծումը միջազգային դիտորդների կողմից արձանագրելուց հետո ասում. «Նրանք չեն հասկանում մեր մենթալիտետը»: 

Մեկնաբանել