Ուտոպիաների ավերակները

Ցուցահանդեսի կազմակերպիչը «Հայաս» մշակութային կազմակերպությունն է և «ՌեԱրկ» ճարտարապետական միջավայրի ուսումնասիրության կենտրոնը: Լուսանկարչական հավաքածուի ստեղծման նախաձեռնողն ու ցուցադրության համադրողը ավստրալաբնակ ռեժիսոր Վիգեն Գալստյանն է:

Ցուցահանդեսը բաղկացած է երկու մասից։ Ընդգրկված են ժամանակակից հայ և առանձին հատվածով՝ խորհրդային շրջանի գլխավոր արդյունաբերական լուսանկարիչներ Տեր-Մեսրոպյանի, Հեքեքյանի և Ալաջալյանի ստեղծագործությունները:

Հայաստանի hետարդյունաբերական շրջանը տրավմատիկ էր: Խորհրդային Միության փլուզման հետ անէացավ նաև արդյունաբերությունը, արդյունաբերական հսկա կառույցները շատ կարճ ժամանակահատվածում անպետք դարձան:

Վերջին քսան տարիներին դրանք վերածվել են ճնշող պեյզաժների: Մինչդեռ հարյուրավոր գործարաններ, արտադրամասեր, ֆաբրիկաներ նախագծել են մեր լավագույն ճարտարապետները՝ Թամանյան, Մազմազյան, Քոչար, Չիսլիև, Մարգարյան, Իսրայելյան:

Շատերի համար արդյունաբերական ավերիչ հաղթարշավն առհավետ խնդիր է: Ընդ որում’ ակնհայտ է նաև նոստալգիան դեպի կոլեկտիվ աշխատանքը, որը ժամանակին հնարավոր դարձրեց արդիականացման այդ ահռելի մեքենայի ստեղծումը: Վիգեն Գալստյանին այս թեման քաջ ծանոթ է:

Նա սկսել է ուսումնասիրել այն իր թեկնածուական թեզի համար, ու Վիգենին հարկավոր են եղել Հայաստանում խորհրդային տարիներին կառուցված արդյունաբերական շինությունների լուսանկարներ: Ռեժիսորը դիմել է հայաստանցի լուսանկարիչներին Facebook-ի միջոցով, և արձագանքն իրեն երկար սպասեցնել չի տվել։

Լուսանկարչական ցուցահանդեսը միայն սկիզբն է: Դրան կհաջորդեն դասախոսություններ, քննարկումներ, որոնց նպատակն է գտնել հարցի պատասխանը, թե հնարավոր է արդյոք այս ահազդու, բայց հաճախ նաև սքանչելի ու ազդեցիկ տարածքներին նոր կյանք պարգևել:

Եթե Արևմուտքում արդյունաբերական դարաշրջանի ժառանգությունը կերպարանափոխելու բազմաթիվ ուղիներ է գտել, ապա Հայաստանում նման փորձերը հազվադեպ են և հիմնականում կոպիտ ու պրիմիտիվ: Ցուցահանդեսի գլխավոր նպատակը արդյունաբերական շինությունների նոր էսթետիկական վերաիմաստավորումն է:

Ցուցադրության անվանումը բացահայտում է կազմակերպիչների առաջարկած կոնցեպցիան՝ արդյունաբերությունն ու սիմֆոնիան, որոնք, ըստ Վիգեն Գալստյանի, շատ ընդհանրություններ ունեն: «Դրանք միայն առաջին հայացքից են անհամադրելի:

Իրականում արդյունաբերական գործընթացը, ինչպես և սիմֆոնիան, բազմաշերտ է, իրար հաջորդող էտապներով է զարգանում, ունի ռիթմ: Այն նույնքան ճշգրիտ պետք է կառուցված լինի, որպեսզի օգտակար և որակյալ արտադրանք ստեղծվի: Ինձ համար արդյունաբերությունը շատ երաժշտական է»,– ասում է նա:

Ցուցահանդեսի բացման օրը կկայանա նաև մրցանակաբաշխություն։ Հայտնի կդառնան այս ամիսների ընթացքում լավագույն աշխատանքները ներկայացրած լուսանկարիչների անունները: 

Մեկնաբանել