«Ֆուտբոլային դիվանագիտության» չգրված էջ

Իմ զարմանքի պատճառն այն էր, որ Հայաստանի անկախությունից ի վեր (ավելի ճիշտ՝ դեռ 1990-ից, երբ իրավականորեն Հայաստանը Խորհրդային Միության մաս էր)՝ Հայոց ցեղասպանության կլոր տարելիցների առիթով Երևանում կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ՝ մասնակցությամբ հեղինակավոր հայ և օտարազգի ցեղասպանագետների:

Այսպես՝ նման գիտաժողովներ են կազմակերպվել 1990 (նվիրված Հայոց ցեղասպանության 75-ամյակին), 1995 (80-ամյակին), 2000 (85-ամյակին) և 2005 (90-ամյակին) թթ. ապրիլին:

Ավանդույթը և տրամաբանությունը հուշում են, որ 2010թ. ապրիլին Հայաստանի արտգործնախարարությունը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ, ինչպես նախորդ դեպքերում, պետք է կազմակերպեր Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, սակայն ապրիլին այն տեղի չունեցավ:

Ինչո՞ւ: Հարցին կարող է պատասխանել կամ պարզաբանումներ տալ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահականը կամ ԱԳՆ-ն: Մենք՝ լրագրողներս և հետազոտողներս, կարող ենք միայն ենթադրություններ անել՝ հաշվի առնելով փաստերն ու 2008-2010 թթ. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» տրամաբանությունը:

Հայ-թուրքական «երկխոսության ոգին» պահպանելու նպատակով, ինչպես գրվել է բազմիցս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանի վրայից ժամանակին հանեց հայ ժողովրդի խորհրդանիշը՝ Մասիս սարը, և փոխարենը գնդակ դրեց: 2008թ. Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ պետական մակարդակով աննախադեպ քարոզչություն էր իրականացվում՝ ի նպաստ հայ-թուրքական բարիդրացիական հարաբերությունների:

Հայկական հեռուստաընկերությունը սեպտեմբերին ցուցադրեց ծաղկած խնձորենի՝ դա ներկայացնելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Երևան այցելության ավետիս, թեև հայ ժողովրդական բանահյուսության մեջ աշնանը խնձորենու ծաղկումը անհաջողության և չարիքի նշան է:

Մինչև 2010թ. ապրիլը Հայաստանը հույս էր տածում, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված երկու արձանագրությունները (դրանք, ըստ էության, պայմանագրեր են): Բոլորս լավ ենք հիշում, որ 2010թ. ապրիլին Վաշինգտոնում կայացան Հայաստանի նախագահի հանդիպումները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, ապա Ռուսաստանի առաջնորդի հետ, որից մի քանի օր անց՝ ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական գործընթացը սառեցնելու մասին, թեև այդպես էլ ստորագրությունը հետ չքաշեց այդ փաստաթղթերից:

Հայաստան-Թուրքիա երկխոսության տրամաբանությունը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությունը 2010թ. Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով չէր ծրագրել ընդհանրապես՝ հույս ունենալով, որ մինչև այդ տարվա ապրիլ արձանագրությունները կվավերացվեն, իսկ եթե հայկական կողմը նման գիտաժողով անցկացներ, ապա թուրքական կողմը վստահաբար դա կհամարեր «թշնամական քայլ», իսկ իր կողմից արձանագրությունները չվավերացնելը կպայմանավորեր հենց հայկական կողմի «հակաթուրքական ձեռնարկով»:

Երբ հայկական կողմը արդեն վերջնականապես համոզվեց, որ Թուրքիան չի վավերացնելու արձանագրությունները, Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը կազմակերպեց 2010թ. դեկտեմբերին:

Անշուշտ, հայ պաշտոնյաներն այսօր կարող են բազմաթիվ արդարացումներ բերել, թե ինչու 2010թ. ապրիլին նման գիտաժողով չեն կազմակերպել, կամ պնդել, որ նախապես հենց դեկտեմբերին էին ծրագրել: Ես բավական ժամանակ կորցրի, որպեսզի պարզեմ՝ արդյոք 2010թ. համար ԱԳՆ-ն կամ ԳԱԱ-ն (որի կառուցվածքում է գործում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը) ընդհանրապես ծրագրե՞լ էին Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով՝ լինի ապրիլին, թե դեկտեմբերին:

Պարզվում է՝ ոչ, նման միջոցառում նախատեսված չի եղել: ԱԳՆ-ի և ԳԱԱ-ի պաշտոնական կայքերում չկարողացա գտնել 2010թ.՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների նախնական որևէ ցանկ: Բայց այդպիսի ցանկ կա և այսօր էլ դրված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում՝ «Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից իրականացվելիք միջոցառումների շարքը» խորագրով՝ թվագրված 2010թ. ապրիլի 16-ով: Ըստ այդ ցանկի՝ 2010թ. դեկտեմբերին Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով նախատեսված չի եղել…

Հուսանք, որ որևէ «ֆուտբոլային դիվանագիտություն» կամ Հայաստան-Թուրքիա երկխոսություն չեն խանգարի, որ 2015թ. ապրիլին՝ հենց ապրիլին, Երևանում անցկացվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով: Համաձայնե՛ք, դեկտեմբերն այնքան էլ հարմար ամիս չէ միջազգային մասնակիցների՝ Երևան այցելության համար: 

Մեկնաբանել