Մարսում կյանք չկա

Փոխնախարարը երեկ հայտարարել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը «Մարս» գործարանի հայտը Կառավարությանն է ներկայացնելու 2012թ. հունվար-փետրվարին (Panarmenian.net): «Մարս» գործարանի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին խոսվում է արդեն երեք տարի, բայց սայլը կարծես տեղից չի շարժվում:

Կարինե Մինասյանի խոսքով՝ «Մարս» գործարանը մտադիր է հինգ տարվա ծրագրում ներդնել մոտավորապես $10 մլն, ինչը, ըստ նրա, կարևոր է ազատ տնտեսական գոտու մրցունակությունն ապահովելու տեսանկյունից:

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում ազատ տնտեսական գոտիների կարգավորման ոլորտում գործում է լիբերալ օրենսդրություն: «Այլ հարց է, երբ մենք դիտարկում ենք անհատ ձեռներեցի կոնկրետ հայտ, ով ցանկանում է գործ կազմակերպել, մենք պետք է շատ մանրամասնորեն ուսումնասիրենք, որպեսզի այն համապատասխանի պետության կողմից սահմանված բոլոր պահանջներին»,– ասել է նա:

«Մարս» գործարանում ազատ տնտեսական գոտի ստեղծելու հարցն առաջին անգամ բարձրացվեց 2008թ. նոյեմբերին, երբ Ռուսաստանի Կառավարությունը որոշեց «գույք պարտքի դիմաց» սխեմայով 2002թ. Հայաստանից ստացած «ՌԱՕ Մարս»-ը (գնահատվել էր $56,3  մլն) կառավարման հանձնել ռուսական խոշոր «ԱՖԿ Սիստեմա» ԲԲԸ-ի դուստր «Սիտրոնիկս» ընկերությանը: Վերջինս գործունեություն է իրականացնում հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգային ինտեգրացիայի, միկրոէլեկտրոնիկայի արտադրանքի նախագծման և արտադրության ոլորտներում:

«ՌԱՕ Մարս»-ի կառավարումը ստանձնելուց հետո «Սիտրոնիկս»-ը հայտարարեց «Մարս»-ի տարածքում տեխնոպարկ ստեղծելու մտադրության մասին, որը կունենար անհրաժեշտ ենթակառուցվածքներ և հնարավորություն կտար նորարարական գաղափար ունեցող մարդկանց գալ այդտեղ և դրանք հասցնել փորձնական նմուշի։

Այսօրվա դրությամբ թղթաբանական որոշումներից ու հայտարարություններից այն կողմ «Մարս»-ում որևէ գործնական քայլ չի կատարվել ազատ տնտեսական գոտի ստեղծելու ուղղությամբ: