«Ինչ անելու» և «ինչպես անելու»-ների արանքում

Մի հատված 2010թ. ապրիլին ԳԱԱ տարեկան ժողովին նրա հնչեցրած ելույթից. «Ժամանակակից աշխարհում մրցունակ տնտեսություն ասելով՝ հասկանում ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն։ Ավելին՝ գիտելիքի վրա հիմնված տնտեսություն հնարավոր չէ ստեղծել, եթե հասարակությունը հիմնված չէ գիտելիքի վրա։ Սա է Հայաստանի Հանրապետության հեռանկարային և երկարաժամկետ զարգացման տեսլականը»:

Մի հատված 2011թ. մարտին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը նրա ելույթից. «Մենք պարտավոր ենք այսօր Հայաստանում այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որպեսզի ձեր երազած երկրի ամուր հիմքերն ստեղծենք, և դուք էլ կարողանաք այդ գործը շարունակել, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է կարևորենք առաջին հերթին գիտելիքը և գիտելիքահեն տնտեսությունը, գիտելիքահեն հասարակությունը»:

Գաղափարը իրականում փայլուն է՝ մեր կարգավիճակում գտնվող երկրի համար երևի թե դա միակ հնարավորությունն է:

Foreign Policy հեղինակավոր ամսագրի դեկտեմբերյան համարը ընթերցողին ներկայացրեց անցնող տարվա աշխարհի 100 ամենաազդեցիկ մտածողների ցանկը՝ The FP Top 100 Global Thinkers 2011-ը: Ցուցակում ներառված են քաղաքական գործիչներ, հայտնի գիտնականներ, լրագրողներ և հրապարակախոսներ, որոնց գործունեության արդյունքում առաջ են եկել նոր գաղափարներ, որ փոխել են ժամանակակից աշխարհի տեսքը:

Իհարկե, այս ցուցակներում գերակշռող տեղ են զբաղեցնում ԱՄՆ-ում ապրող մտածողները, սակայն, օրինակ, այս տարվա ցուցակում կարելի էր հանդիպել գործարարի Գանայից, կին դատախազի՝ Աֆղանստանից, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարողի Քենիայից և նույնիսկ կուբացի բլոգերի:

Ամեն անգամ, կախված տարվա կարևորագույն իրադարձություններից, ցուցակն առանձնահատկություններ է ունենում: Օրինակ՝ 2009թ., երբ աշխարհը նոր էր դուրս գալիս տնտեսական ճգնաժամից, առաջին հորիզոնականը տրվեց ԱՄՆ-ի գլխավոր բանկիր Բեն Բեռնանկեին:

2010թ. ցուցակում առատորեն ներկայացված էին այն իդեալիստները, որոնք փորձում էին փոխել աշխարհը՝ առաջին հորիզոնականում բարեգործական  հզոր նախագծեր ձեռնարկած միլիարդատերեր Ուորեն Բաֆեթն ու Բիլ Գեյթսն էին, իսկ 17-րդում՝ Ջեֆ Բեզոսը և Սթիվ Ջոբսը:

2011թ. առաջին տեղը բաժանեցին միանգամից 14 արաբ հեղափոխականներ՝ Եգիպտոսից, Թունիսից, Լիբիայից, Եմենից, Սիրիայից և Սաուդյան Արաբիայից: Ցուցակում էին նաև այդ հեղափոխության տեղեկատվական հենարան «Ալ Ջազիրա»-ի նախկին տնօրենը և հեղափոխությունների տեսաբանները: Ի՞նչ կապ ունեն մեր վարչապետի խոսքը և աշխարհի ամենաազդեցիկ մտածողների այս ցուցակները:

Բանն այն է, որ «100 մտածողների ցուցակ»-ի մեջ ընդգրկվելու պատվին արժանացած անձինք ոչ միայն գաղափարներ են առաջ քաշում, այլև հետևողական աշխատանքով ցույց են տալիս դրանց հասնելու ճանապարհը և իրականացնում դրանք: Առանց կյանքում կիրառության դնելու ցանկացած ամենահանճարեղ գաղափար անիմաստ է: «Ինչ անել»-ու մասին խոսելը շատերին է տրված, «ինչպես անել»-ը հազվադեպ մարդկանց՝ իսկական մտածողների մենաշնորհն է միայն:

Այնպես որ, եթե մեր վարչապետն իր այս շատ կարևոր մտադրությունը կարողանա ամրապնդել գործով ու հասնել իր հռչակած գաղափարների կենսագորմանը, նա աներկբա արժանի կլինի այդ ցուցակին:

Մեկնաբանել