Փնտրվում են վատ օրենքներ

Երեկ Կառավարությունը հավանություն տվեց «Ավստրիայի զարգացման գործակալության» հետ դրամաշնորհային համաձայնագրի կնքման առաջարկությանը, իսկ մի քանի ժամ անց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը և «Ավստրիայի զարգացման գործակալության»՝ Հարավային Կովկասում տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Ալեքսանդր Բոհրը այն ստորագրեցին։

«Կանոնակարգիչ գիլյոտին» ծրագիրը պետք է իրականացվի մինչև 2013թ. դեկտեմբերը: Այն արագ բարեփոխումների գործիք է, որը պետք է հնարավորություն տա թարմացնել Հայաստանի կանոնակարգիչ քաղաքականությունը և էականորեն բարելավի գործարար միջավայրը՝ նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետությանը։

Նշենք, որ ՀՀ նախագահի 2011թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով ստեղծվել է Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ:

Խորհրդի գործունեությունը պետք է ուղղված լինի գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը և պարզեցմանը, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և ոչ նպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը:

«Կանոնակարգիչ գիլյոտինը» նորույթ չէ, իսկ Հայաստանը առաջինը չէ։ Այն մշակվել է դեռևս 1980թ. Շվեդիայում: Դրա հիմնական նպատակն է կարճ ժամանակահատվածում հնարավորինս շատ ակտերի վերանայում և զտում, որոնք հակասում են օրենքներին և ազատ շուկայի սկզբունքներին։ ԱՊՀ երկրներից Մոլդովան «կանոնակարգիչ գիլյոտինը» կիրառել է 2004թ., Ղրղըզստանը՝ 2007-2009 թթ.։

Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ «կանոնակարգիչ գիլյոտինը» իրականացվում է, երբ նկատվում է, որ անցումային տնտեսության ժամանակահատվածում ընդունված բազմաթիվ օրենքներ և նորմատիվ ակտեր սկսում են խոչընդոտել բնականոն գործունեությունը։

«Կանոնակարգիչ գիլյոտինը» գործում է հետևյալ սկզբունքով. Կառավարությունն ընտրում է գիլյոտինի թիրախը, բոլոր գերատեսչություններից պահանջում է ներկայացնել բոլոր իրավական փաստաթղթերը, որոնք վերաբերում են գիլյոտինի թեմային, փաստաթղթերը անցնում են երեք ֆիլտրի միջոցով՝ մշակողների, անկախ փորձագետների և գործարարների։ Ֆիլտրերով չանցած փաստաթուղթը կա՛մ պարզեցվում է, կա՛մ չեղյալ է հայտարարվում։ Դրանից հետո ֆիլտրով անցած բոլոր փաստաթղթերն ընդգրկվում են նորմատիվ իրավական ակտերի ռեեստրում։ 

Մեկնաբանել