Ինքնության պայքար

Ազնավուրը մեծություն է և իրեն թույլ է տալիս նման համարձակ հայտարարություններ անել: Նմանատիպ մտքերի ես հանդիպել եմ այլ հայերի մոտ ևս, այդ թվում՝ Սփյուռքում, սակայն թաքուն, շշուկով:

Ավստրալիայից մինչև Ամերիկայի տարբեր ափեր հայերին միավորում է Ցեղասպանության զոհի ժառանգ լինելու գործոնը՝ ո՛չ լեզուն, ո՛չ դավանանքը, ո՛չ քաղաքացիությունը, այլ ընդհանուր ցավը: Ցեղասպանությունը մտել է մեր ինքնության մեջ, դարձել դրա կարևոր բաղադրիչը:

Իսկ հիմա ի՞նչ է կատարվում: Մի՞թե ինքնության ճգնաժամի առջև ենք կանգնած: Չէ՛, ավելի ճիշտ ինքնության վերաիմաստավորման փուլ ենք թևակոխում: Ցավը, ողբերգությունը, ինչքան էլ միավորող գործոն լինի, որպես ինքնության մաս խիստ անցանկալի է, քանզի իրենց նկատմամբ խղճմտանք փնտրողները որոշ ժամանակ անց ձանձրացնում են դիմացինին, ապա գարշանք առաջացնում:

20-րդ դարի վերջին հայությունը հնարավորություն ունեցավ իր այս «բացասական», ցեղասպանվածի ժառանգի ինքնությունը փոխարինելու հաղթողի ինքնությամբ: Դարավերջին հաղթանակած Արցախը եկավ մտնելու բոլոր հայերի մեջ, միավորելու նրանց, ցույց տալու հայրենիքն ազատագրելու ձևը, դեպի իրեն կանչելու բոլորին:

Ո՛չ, այսպես չեղավ: Շատ հայերի համար Արցախն այդպես էլ օտար մնաց, փոխանակ ազատագրված հողերը բնակեցնելու՝ մեր հայրենակիցները շարունակեցին «Էրգրի» հողերը մուրալ տարբեր հարթակներից՝ ավելի ու ավելի ուժեղացնելով «Ցեղասպանություն» ինքնությունը: Իսկ դրական, հաղթած ինքնությունը՝ Արցախ անունով, նվաստացվեց, խոնարհեցվեց:

Արցախը դարձավ ավերակի, անջուր անապատի խորհրդանիշ, որի համար աշխարհասփյուռ հայերն իրենց գրոշներն են նետում՝ վախենալով, որ դրանք կգնան Ազնավուրի ասած «մաֆիոզների» գրպանները: Եվ մարդիկ, հոգևոր առաջնորդներ, որոնք մարտնչող Արցախի խորհրդանիշն էին, դարձան ողորմություն խնդրող Արցախի խորհրդանիշը: Ու այսպես կամաց-կամաց սպանվում է ոգին, սպանվում են հաղթածի որակները՝  հզորացնելով ցեղասպանվածի, հայրենիք ու փող մուրացողի ինքնությունը:

2003թ. իրաքյան պատերազմից հետո այս երկրի հայությունը հեռացավ և չկարողանալով օգնություն ու ապաստան գտնել Հայաստանում՝ հանգրվանեց այլ երկրներում: Նույն խնդրի առջև է այսօր կանգնած սիրիահայությունը, վաղը նրանց կարող են միանալ լիբանանահայերն ու իրանահայերը: Ազգայնականության բռնկումներ, կրոնական բախումներ, քաղաքացիական պատերազմներ. սրանք Մերձավոր Արևելքի եռացող կաթսայի կարևորագույն բաղադրիչն են:

Ամենից շատ, որպես կանոն, այս դեպքերում տուժում են ազգային ու կրոնական փոքրամասնությունները: Հետևաբար՝ այս երկրների հայերը լավագույն դեպքում արժանանալու են իրաքահայության ճակատագրին: Տուն ու տեղից զրկված, գաղթականի տեսքով Եվրոպայում կամ ԱՄՆ-ում հայտնված խղճի մի մուրացկան: Սա՛ է ցեղասպանվածի ժառանգի ճակատագիրը. նրա «բացասական» ինքնությունն է թելադրում այս վարքագիծը:

Իսկ հաղթած Արցախի ինքնության կրողը տնավեր ու մուրացկան չի լինում: Շտապում է հայրենիք բնակվելու, ներդրում կատարելու, բանակում ծառայելու, բարեփոխելու համար:

Մեկնաբանել