Իմ նպատակը ոլորտին օժանդակելն է

-Պարոն Ալեքսանյան, Դուք երկար ժամանակ աշխատել եք մասնավոր հատվածում: Ինչո՞ւ որոշեցիք թողնել բիզնեսը և աշխատել պետական համակարգում։

-Ամեն մարդ իր գիտակցական կյանքում մի բան սկսում և ավարտում է։ Բիզնեսը նույնպես աշխատանք է: Պետական համակարգ գալու իմ նպատակը ոլորտին օժանդակելն է: Այսինքն՝ ավելի շատ օգնել ոլորտին, որը մենք հայտարարել ենք գերակա ճյուղ: Եթե դու քեզ համարում ես երկրի մարդ, ապա այդ օգնությունը միայն բիզնեսի միջոցով չէ. քո տեղը էական չէ, կարևոր է, որ դու ճիշտ խնդիր դնես, և ճիշտ լուծում լինի։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ առաջնային խնդիրներ կան հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտում։

-Եթե ոլորտը հայտարարել ենք գերակա, նախ պետք է խմբավորենք խնդիրները և տեսնենք, թե որտեղ են դրանք՝ գիտության, կրթության ոլորտներում, ենթակառուցվածքներում։ Եթե մենք ցանկանում ենք օգնել բիզնեսին, պետք է պատրաստենք դաշտը՝ սկսած դպրոցից: Պետական համակարգ իմ գալու նպատակներից մեկն էլ այն է, որ կարողանամ նպասել այդ խնդիրների կոնսոլիդացմանը։

Եթե այսօր բիզնեսում կան մասնագետի խնդիրներ, Կրթության նախարարությունը բուհերում մասնագետ պատրաստելու խնդիր ունի: Եթե մասնագետներն արդեն պատրաստվել են, հաջորդ քայլը պետք է լինի, թե որտեղ պետք է նրանք աշխատեն։ Այսօր քննարկվում է՝ ինչպես անել, որ այդ խնդիրները փոխկապակցված լինեն։ Այսինքն՝ եթե կան մասնագետներ, բիզնեսի համար պետք է ստեղծվեն պայմաններ, որ նրանք գործեն և զգան, որ պետությունն աջակցում է ոլորտին։ Այսօր, օրինակ, բիզնեսում առկա է ցանցային ադմիստրատորների պահանջ, բայց բուհերը նման մասնագետներ չեն պատրաստում։

Մյուս խնդիրն այն է, որ կա շուկա, որը զարգանում է, կա փոքր, միջին և խոշոր բիզնես։ Բացի բջջային օպերատորներից՝ այս ոլորտում խոշոր բիզնես չկա: Այդ փոքր և միջին բիզնեսի զարգացման համար պետք է ստեղծել նպաստավոր դաշտ, օրենքներ մշակել: Անհրաժեշտ է ստեղծել խաղի հասկանալի կանոններ։ Այսօր առանձին ոլորտների ընկերությունների գործունեությունը կանոնակարգված է օրենքով: Պետք անել այնպես, որ, օրինակ, համակարգիչ նորոգողը հասկանա, թե ինչ հարկային պարտավորություններ ունի, ինչպես պետք է կազմակերպի իր գործունեությունը։

-Ըստ Ձեզ՝ ինտերնետ հասանելիության շուկան առաջին տարիներին զարգացման ի՞նչ միտումներ է ունենալու։

-Այսօր ինտերնետն արդեն այնքան շատ է, այն արդեն կրիչ է, որի վրա գումար չես աշխատի: Դեռ մի քանի տարի առաջ ինտերնետը բիզնես էր: Այսօր այն այնքան է էժանացել, որ այլևս դրանով բիզնես չես կարող անել։ Ինտերնետը պետք է լինի բիզնեսի գործիք, խնդիրը այստեղ է։ Անհրաժեշտ է մարդկանց կրթել, որ նրանք այդ գործիքը կարողանան ճիշտ օգտագործել:

Պետության դերն այն է, որ առաջադրի խնդիրը, տա լուծումները, և մարդիկ շահագրգռված լինեն գնալու այդ խնդիրների լուծմանը։ Ինչպես ասացի, պետք է մշակվեն խաղի այնպիսի կանոններ, որ մարդը, տանն աշխատելով, վստահ լինի, որ օրենք չի խախտում։ Այսօր շուկան վերադասավորվում է: Շուկայում մրցակցելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ, իսկ փոքր ընկերությունները չեն կարող։ Դա համար նրանք պետք է գնան դեպի սպասարկման ոլորտ, գտնեն գործունեության նիշան։

-Ըստ Ձեզ՝ հեռահաղորդակցության ոլորտում նոր կարգավորումներ պե՞տք են՝ հաշվի առնելով դեմպինգի հնարավոր վտանգը:

-Կա ասացվածք, որ ինչ անում ես, քեզ ես անում։ Եթե դու դեմպինգ ես անում, վերջում դա քեզ է կպչելու։ Այսինքն՝ պետք է նախ ֆիքսել դեմպինգի իմաստը և ով է անում դա։ Դրա համար կա պետական երկու կառույց՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և Տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովը: Նրանք պետք է դրանով զբաղվեն և արձանագրեն՝ դա դեմպինգ է, թե ոչ։

Առաջին հայացքից սպառողի համար դա լավ է, գներն իջնում են, բայց սպառողը նույնպես պետք է հասկանա, որ հենց որ այդ դեմպինգ անողը դաշտից դուրս մղի մյուս ընկերություններին, թելադրելու է խաղի կանոնները։ Իսկ երբ շուկայում մեկ ընկերություն է, որակ չի կարող լինել։

Իմ անձնական կարծիքը, որպես մարդու, որը հասկանում է դաշտից, դեմպինգի չափ, ձև և բանաձև կա: Այսօր հայտարարվում է, որ իրականացվում են ակցիաներ, և նվազեցվում են գները։ Ինչո՞ւ, օրինակ, մանդարին վաճառողը ակցիա չի անում, այլ նույնիսկ Ամանորի նախաշեմին գները բարձրանում են, բայց ինտերնետն էժանանում է: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ երբ բոլոր ապրանքների գները բարձրանում են, ինտերնետն էժանանում է։

Կա՛մ ինտերնետի սկզբնական գինն այնքան բարձր է եղել, որ առկա են դրանց նվազեցնելու լուրջ հնարավորություններ, կա՛մ այն այնքան շատ է, որ այլևս ընկերությունները չեն կարողանում իրացնել։ Բայց մյուս կողմից՝ առկա է ենթակառուցվածքի խնդիր. ինտերնետը կարող է այնքան էժանանալ, որ այն բերելը տնտեսապես ձեռնտու չլինի։ Գինը պետք է լինի ոչ թե շուկայական, այլ իրական։

-Մեր շուկայում Դուք դեմպինգի տարրեր տեսնո՞ւմ եք։

-Իհարկե: Շուկայում դեմպինգ անում են ձնագնդիկի օրենքով և իրար հետևից գնալով: Ընկերությունները հասնելու են պատի և հետո հարց են տալու՝ ինչու այսպես եղավ։ Դեմպինգը պետք է իմաստ ունենա։ Եթե դա անում են Ամանորի նախաշեմին մի քանի օր, մի խնդիր է, եթե մի քանի ամիս՝ այլ խնդիր է: Եթե անում են շուկայից բոլորին դուրս մղելու համար, այլ խնդիր է: