Կտոր մը ֆուտուրիզմ

Երեկ Երևանում կայացած առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ մշակելով կենսաթոշակային համակարգի նոր հայեցակարգ՝ անպայման պետք է հաշվի առնել այն կարևորագույն հանգամանքը, թե ինչպիսին է լինելու տնտեսական և ֆինանսական վիճակը 20-30 տարի հետո։

«Պարտավոր ենք նայել ժամանակակից աշխարհի զարգացման միտումներին և կանխատեսել, թե ինչպիսին է լինելու աշխարհը 20-30 տարի հետո, երբ այսօրվա երիտասարդերը հասնելու են այն տարիքի, երբ ստանալու են կենսաթոշակ»,– ասաց Տիգրան Սարգսյանը:

Երկու-երեք տասնամյակի կտրվածքով կանխատեսելու վարչապետի հայտարարությունը, ինչ խոսք, տպավորիչ է, եթե հաշվի առնենք, որ նրա կառավարությունը 2009թ. համար կանխատեսում էր 9,2% աճ և ստացավ 14,5% անկում:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել ռիսկերը, քանի որ այն ավելի ճկուն է և բաղկացած է երեք աստիճաններից (պարտադիր կուտակային, կամավոր կուտակային և բազային համակարգ)։

«Ինչպես մենք փորձում ենք դիվերսիֆիկացիայի ենթարկել մեր տնտեսությունը, որպեսզի նվազեցնենք ապագա ռիսկերը և բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա, այնպես էլ կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելիս մենք նույնպես թոշակառուների համար նվազեցրել ենք ռիսկերը, որոնք կարող են դրսևորվել ժամանակակից աշխարհում»,– նշեց նա:

Ըստ վարչապետի՝ կենսաթոշակային բարեփոխումները հիմնված են այն սկզբունքի վրա, որ փոխվելու է քաղաքացիների մտածողությունը և նրանց մոտիվացիան։ Աշխատող քաղաքացին գիտակցելու է, որ ինքն է պատասխանատու իր ապահով ծերության համար, և այսօրվանից գործողություններ է կատարում դրա համար։

Նա պարտավոր է ընտրել այն հիմնադրամը, որտեղ ցանկանում է կուտակել իր միջոցները, և պետք է ունենա համապատասխան գիտելիքներ և տեղեկացված լինի այդ համակարգի մասին: Վարչապետի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումները մոտակա տասը տարիներին փոխելու են քաղաքացիների ֆինանսական, տնտեսական մտածողությունը և լինելու են տնտեսական բարեփոխումների ամենամեծ շարժիչ ուժը:

Ֆուտուրիստներ

Հայաստանը թեև իրավական մակարդակով գրեթե զրոյականի է հասցրել կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ռիսկերը, այդուհանդերձ Կառավարությունը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող կանխատեսել համաշխարհային տնտեսության զարգացումները քսան տարվա կտրվածքով։ (Մի կողմ թողնենք, որ այս Կառավարությունը չկարողացավ տեսնել 2009թ. ճգնաժամը, բայց ցանկանում է տեսնել 2040-ը):

Խնդիրն այն է, որ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի դեպքում հավաքագրված միջոցները պետք է տեղաբաշխվեն ֆինանսական գործիքներում՝ ապահովելով եկամուտներ, բայց ինչպես ցույց է տալիս ժամանակը, այսօր ամենահուսալի արժեթղթերը մի քանի տարի անց կարող են պարզապես անհուսալի դառնալ (օրինակ՝ պարտքային խնդիրներ ունեցող եվրոպական արվարձանային երկրների պետպարտատոմսերը):

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված են, թե ինչպիսին կարող են լինել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը (հավասարակշռված, պահպանողական, կայուն եկամտային ֆոնդ), որ տեսակի արժեթղթերում և ինչ մասնաբաժնով կարող են ներդրումներ կատարվել։

Օրենքով նաև սահմանված է, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել Հայաստանում և արտասահմանում: Օրինակ՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կամ Եվրամիության երկրների կենտրոնական բանկերի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում, բանկերի ավանդներում, արժեթղթերում, վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում:

Հայաստանում ակտիվները կարող են ներդրվել բանկային հաշիվներում և ավանդներում, ԿԲ-ի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորած արժեթղթերում, պետական արժեթղթերում, այն ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում, որոնք վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից։

Ստացվում է, որ երբ քննարկվում էր օրենքը՝ 2010թ. Կառավարությունը հաշվի չէր առել, որ Եվրամիությունը կարող է հայտնվել նոր լուրջ մարտահրավերների առջև, որ Հունաստանի պետական պարտատոմսերը կիջնեն «աղբային» մակարդակի։

«Օրակարգ»-ի հարցին՝ ինչպես է հնարավոր կանխատեսել 25 տարվա կտրվածքով, եթե դեռ 5 տարի առաջ ոչ ոք չէր կարող նույնիսկ պատկերացնել, որ Հունաստանը, Եվրամիությունը կարող են նման ծանր վիճակում հայտնվել, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը պատասխանեց, թե Հունաստանը հայտնվել է այդ վիճակում, քանի որ ուներ գերծանրաբեռնված պետական, ինչպես նաև սերունդների համերաշխության կենսաթոշակային գերծանրաբեռնված համակարգ։

«Դա է պատճառը որ նրա պարտքը գնալով աճեց և հանգեցրեց ճգնաժամի»,– ասաց Արամյանը՝ հավելելով, որ կենսաթոշակային համակարգի նման խնդիրներ ունեն նաև եվրոպական այլ երկրներ։ «Կենսաթոշակային բեռը միայն պետական համակարգի վրա թողնելը հղի է ճգնաժամի ռիսկերով»,– ասաց նա։

Նշենք, որ կենսաթոշակային բարեփոխումների կարևոր տարրերից մեկը կամավոր կուտակային համակարգն է, որը, չնայած խոստումներին, այդպես էլ չի ներդրվում։ Այս համակարգի համար անհրաժեշտ իրավական դաշտը վերջնականապես ձևավորվեց օգոստոսի վերջին, բայց մինչ այժմ որևէ մասնավոր սուբյեկտ այդպես էլ Կենտրոնական բանկից չի ստացել ֆոնդերի կառավարման լիցենզիա:

Կամավոր կուտակային կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը, կենսաթոշակային բարեփոխումները կարևոր են այն տեսակետից, որ մինչև 2014թ. հնարավորություն կտա վերհանել հնարավոր ռիսկերը և խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ։

Մեկնաբանել